Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուղիղ մեկ տարի առաջ «Համազգային» հայ կրթական-մշակութային միությունը հայտարարեց «Լևոն Շանթ» թատերգության մրցանակաբաշխություն անցկացնելու մասին: Մրցանակաբաշխությունը կայացավ հավուր պատշաճի, արդյունքում` 13 պիես գրքի տեսքով այսօր հանձնվեց հայ ընթերցողի եւ թատերագետների դատին:
«13 պիես» ժողովածուում ընդգրկված են` Արտաշես Արամի «Պատերազմական քրոնիկոն», Հրաչ Բեգլարյանի «Մանվելը, համակարգիչն ու ես», Գարեգին Գրիգորյանի «Բարի հրեշտակը կամ հեռացողները», Սամվել Խալաթյանի «Գնացքի երկու տոմս», Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-շիդար», Կարինե Խոդիկյանի «Տունը սահմանի վրա», Սամվել Կոսյանի «Եվ ձյունն է իջնում», Սուսաննա Հարությունյանի «Երկիր Նաիրի», Հուշիկ Ղազարյանի «Վաճառականներ», Արտաշես Շահբազյանի «Մենք կվերադառնանք», Անուշ Քոչարյանի «Ֆաուստ-ուտոպիա», Արմեն Ճգնավորյանի «Այլաստվածային կատակ», Էլեոնորա Ներսիսյանի «Գերթրուդ» պիեսները: Գիրքը կազմել և խմբագրել են Լիլիթ Գալստյանը և Ֆելիքս Մելոյանը:
«Համազգային» հայ կրթական-մշակութային միության նախագահ Լիլիթ Գալստյանը նշեց, որ մրցանակաբաշխության նպատակը թատերգության զարգացման ընթացքը խթանելն էր, նոր անուններ բացահայտելը, հասկանալը, թե մեր թատերգության ընթացքն ո՞ւր է գնում և, ի վերջո, հայ բեմին նոր մտքով ու նոր ասելիքով թատերգություն փոխանցելը:
«Մենք մեր մտքում այն համոզումն ունեինք, որ մեր հոգևոր-կենսական տարածքներում թատրոնի ունեցած դերակատարությունն ու ժառանգությունը բացառիկ է, մեր ժամանակներում, երբ անկեղծությունն ու ճշմարտությունը հեռացած են իրականությունից, թատրոնը շարունակում է մնալ մարդու հետ խոսելու ամենաճշմարիտ տարածքը: Բացառիկ է հայ թատրոնի դերը, հայ թատրոնի, որն անգամ պետականության բացակայության ժամանակներում իսկապես ինստիտուցիոնալ դեր է խաղացել»,- ասաց Գալստյանը:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն էլ նշեց, որ երբ ամեն անգամ «Համազգային»-ից հրավեր է ստանում` վստահ է` հոգևոր, մշակութային իրադարձություն է տեղի ունենալու:
«2012-ին, երբ Հայաստանը նշեց Հայ գրատպության 500-ամյակը, ակտիվացան գրական բոլոր գործընթացները, և մեր ընթերցողների սեղաններին հայտնվեցին հետաքրքիր գրքեր: Այս մրցանակաբաշխությունը շատ կարևոր է, քանի որ մենք կապ են ստեղծում գրականության և թատրոնի միջև: Մենք գրողին արժևորում ենք ոչ միայն գրականության ոլորտում, այլև հասկանում ենք, որ գրողը թատրոնի նախաստեղծողն է: Այսօր ստեղծվում է այն, ինչը վաղը պետք է նպաստի մեր թատրոնի զարգացմանը»,- ասաց նախարարը:
Yerkir.am-ի հետ զրույցում «Լևոն Շանթ» մրցանակաբաշխության 2-րդ տեղը գրաված մասնակիցը` Սամվել Խալաթյանը, նշեց, որ մրցանակաբաշխությունն ինքնանպատակ չէ, մրցանակաբաշխություն հայտարարողն ուսումնասիրում է, թե որ ժանրում ինչ թեմայի գործեր են պակասում, ինչ է անհրաժեշտ այսօր մեր հանրությանը:
«Ստեղծագործողը, օրինակ` ես, կարդում է և, առաջին հերթին, փորձում հասկանալ` ունե՞մ իրենց պահանջներին համապատասխան գործ, եթե չունեմ` մտածում եմ գրելու մասին, այսինքն` ստեղծվում են տվյալ ժանրի և թեմատիկայի գործեր: Մրցանակաբաշխությունը լիովին կատարեց իր առաքելությունը, քանի որ, մյուս ստեղծագործողների համեմատ, դրամատուրգներս բավականին անբախտ ենք, գրում ենք, կբեմադրվի-կբեմադրվի, չէ, մնաց գզրոցում»,- ասաց Խալաթյանը: