կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-27 07:07
Մշակույթ

Ռուբենը, Ռուբիկը, Ռուբոն... նույն ինքը Ռուբեն Հախվերդյանը

Ռուբենը, Ռուբիկը, Ռուբոն... նույն ինքը Ռուբեն Հախվերդյանը

«Ես ունեմ 3 փոքրիկ` 1 տղա, 2 աղջիկ, իսկ նրանք ունեն մայրիկ եւ երգեր գրող հայրիկ»,-թերեւս շատերին այսքանն է հայտնի երգահան Ռուբեն Հախվերդյանի կյանքից` այն էլ Հախվերդյանի երգի միջոցով:

Բայց այսօր շատերը կարող են իմանալ ոչ միայն, ասենք, թե երբ եւ որտեղ է աշխատել Հախվերդյանը, այլ նույնիսկ տեսնել նրա գրած առաջին բանաստեղծության եւ երգի բնօրինակը. այսօր տեղի ունեցավ «Ռուբեն Հախվերդյան» գրքի շնորհանդեսը, որին ներկա էին երգահան Դավիթ Ամալյանը, գրող Պերճ Զեյթունցյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննեսյանը եւ այլք:

Գրքի հեղինակ Շուշան Արզաքանյանը նշեց, որ Ռուբենը, Ռուբիկը, Ռուբոն այնքան հոգեհարազատ արվեստագետ է իր համար, որ նա որոշեց իմանալ գաղտնիքը, թե ինչից է, որ արդեն 40 տարի Հախվերդյանի երգը հետաքրքրում է շատերին:

ԵՐԿԻՐ-ի հարցին, թե ինչպես է համաձայնել Հախվերդյանը, որ իր մասին գիրք գրվի, առավել եւս, որ նա ինքը պատմի ինչ-որ բաներ իր մասին, երգահանը պատասխանեց, թե գաղափար չի ունեցել, որ իր մասին գիրք են գրում:

«Երբ ընկերոջդ կինը քեզ առաջարկություն է անում, դու չես կարող մերժել նրան»,- ասաց նա:

Թեեւ Հախվերդյանն իր խոսքում նշեց, որ չի կարդացել գիրքը, ինչը լրագրողներից մեկն այսպես որակեց. «Փաստորեն, ձեզ չի հետաքրքրում, որ Ձեր մասին գիրք են գրել», սակայն, գրքի կարեւոր հատվածները, նա, այնուամենայնիվ, կարդացել է:

Երգահան Դավիթ Ամալյանն էլ նշեց, որ մինչ Հախվերդյանի հետ ծանոթանալը` երգերով արդեն ծանոթ էր նրան. «Իսկ իրականում ծանոթանալով` հասկացա, որ ավելի լավ մարդ է»:

Ի դեպ, չնայած Հախվերդյանը նշեց, որ չի կարծում, թե գիրքը շարունակություն է ունենալու, սակայն հեղինակն ասաց, որ շատ հնարավոր է` այն շարունակելի լինի:

Ավելացնենք, որ ԵՐԿԻՐ-ի թղթակցի եւ Վահան Հովհաննիսյանի զրույցն այդպես էլ չստացվեց: