Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
Մեր ատոմակայանի անվտանգության մակարդակը լիովին բավարարում է նման ատոմակայանների համար ընդունելի ռիսկի աստիճանը. այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը:
Նա տեղեկացրեց, որ ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթարից հետո միջուկային հանրությունը մշակել է նախագիծ, որով Եվրամիության անդամ երկրներին առաջարկում է անցկացնել, այսպես կոչված` «սթրես թեստ»` ատոմակայանների անվտանգության խորը վերլուծության համար:
Հայաստանը եւս պատրաստվում է կիրառել այդ մեթոդը` ավելի խորացված եղանակով ստուգելու մեր ատոմակայանի անվտանգության մակարդակը: Մեթոդը ներառում է արտաքին գործոնների ազդեցությունը` ցունամիներ, երկրաշարժեր, տորնադոներ, փոթորիկներ եւ ջրհեղեղներ:
Ատոմակայանի անվտանգության ուսումնասիրությունը կտեւի երեք ամիս, դրա արդյունքները կներկայացվեն Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեին, որն էլ կանցկացնի անկախ վերլուծություն: Աշխատանքներն ավարտելուց հետո կնշվեն այն ուղիները, որոնք ատոմակայանի անվտանգությունը կբերեն ավելի բարձր մակարդակի:
Ա. Մարտիրոսյանը նաեւ տեղեկացրեց, որ մայիսի 15-ից հունիսի 1-ը ատոմակայանի անվտանգության վիճակի դիտարկում կանցկացնի նաեւ Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության փորձագիտական խումբը:
Ա. Մարտիրոսյանի խոսքով` Ճապոնիայի «Ֆուկուսիմա»-ում տեղի ունեցած վթարի նման աղետ մեր ատոմակայանում չի կարող լինել. 1982 թ. մեծ հրդեհը ցույց տվեց, որ այնպիսի իրավիճակում, երբ ատոմակայանը զրկվել էր ե'ւ արտաքին, ե'ւ ներքին էլեկտրասնուցման աղբյուրներից, մի քանի ժամվա ընթացքում հնարավոր եղավ ատոմակայանի անվտանգության կարեւոր համակարգերն ապահովել ե'ւ էլեկտրականությամբ, ե'ւ անհրաժեշտ հովացման ջրով: Այդ հրդեհն էլ, ըստ Ա. Մարտիրոսյանի, ատոմակայանի անձնակազմի որակավորման ամենամեծ քննությունը եղավ. ատոմակայանի անձնակազմը կարողացավ շատ արագ կողմնորոշվել ծանր իրավիճակում: Նա հավաստիացրեց, որ ներկայումս ատոմակայանի անձնակազմն ավելի պատրաստված է, որակավորումն ավելի բարձր է, քան այն ժամանակ:
Բանախոսը նաեւ նշեց, որ ատոմակայանի անվտանգության ապահովման նպատակով 1993թ.-ից ծախսվել է 120 մլն դոլար, դեռեւս 20 մլն դոլար էլ պետք է ծախսվի: