կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-29 17:34
Քաղաքական

Լավ է, որ ձեր ղեկավարությունը բավարար իմաստություն ունի. ՌԴ պետդումայի պատգամավորը` ԱԺ-ում

Լավ է, որ ձեր ղեկավարությունը բավարար իմաստություն ունի. ՌԴ պետդումայի պատգամավորը` ԱԺ-ում

Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբում այսօր տեղի ունեցավ հայ-ռուսական խորհրդարանական ակումբի առաջին նիստը: Նիստին մասնակցում էին ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը, ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Խոսրով Հարությունյանը, Արտաշես Գեղամյանը, Վարդան Այվազյանը:

 

Ռուսաստանի Դաշնությունն էին ներկայացնում ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Սիմագինը, Եվրասիական գործարար խորհրդի անդամ Օլեգ Վելիկորեդչանին և քաղաքագետ Ալեքսեյ Պիլկինը:

 

Հայ խորհրդարանականները բարձրացրեցին հայ հասարակությանը հուզող մի շարք հարցեր, ինչպիսիք են՝ ՄՄ-ին Հայաստանի ինտեգրումը, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը և այլն: Մասնավորապես` ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ ՀԱԿ-ը կողմնակից է ինքնուրույն հայկական պետության գոյությանը: «Մենք չենք կարող այդքան հեշտ հանձնել մեր ինքնուրույնությունը: Այնպես որ` մենք կողմ ենք հավասարակողմ ինտեգրացիոն գործընթացներին: Մենք ցանկանում ենք հասկանալ, թե ի՞նչ է կորցնելու ու գտնելու Հայաստանը՝ ինտեգրվելով Մաքսային միությանը: Մենք ցանկանում ենք ստանալ այն օրենսդրական բազան, որի հիման վրա պետք է կայանա Մաքսային միությունը»:

 

ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը նշեց, որ իրենց մտահոգում է, որ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը չի արձագանքում այն իրադարձություններին, որոնք տեղի են ունենում այս օրերին հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով, երբ զոհվում են զինվորներ: «Երբ չկա արձագանք մեր ստրատեգիական դաշնակցի կողմից, ապա շատ դժվար է դառնում քաղաքացուն բացատրել, թե ով է մեր իրական դաշնակիցը, չէ՞ որ դաշնակիցները պետք է իրար աջակից լինեն թե' ուրախության, թե' օրհասական պահերին»,- ասաց նա` հավելելով, որ հայ-ռուսական դաշնակցությունը միայն Հայաստանին չէ պետք, այլ հավասար չափով այն պետք է նաև Ռուսաստանին:

 

ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Սիմագինը միայն խոստացավ հայ գործընկերների մտահոգությունները և բարձրացրած հարցերը հաղորդել ՌԴ Պետդումայի ղեկավարությանը: Նա հակված է կարծելու, որ Հայաստանն ավելի շատ օգուտներ կունենա՝ անդամակցելով Մաքսային միությանը: «Շատ երկրներ, որոնք խզել են հարաբերությունները Ռուսաստանի հետ, այժմ չունեն պետություն, սեփական դրոշ, այլ, որպես բոնուս, ունեցան քաոս տնտեսության և քաղաքականության մեջ, այնպես որ` լավ է, որ ձեր ղեկավարությունը բավարար իմաստություն ունի՝ ճիշտ ճանապարհով ուղղորդելու սեփական ժողովրդին: Ինչո՞ւ է Հայաստանին պետք Մաքսային միությունը… Մենք տեսնում ենք, որ ձեզ մոտ անհանգիստ է վիճակը, միշտ էլ անհանգիստ է եղել: Անհանգիստ է նաև վիճակը տարածաշրջանում: Մենք ուզում ենք, որ այս հողի վրա այլեւս արյուն չթափվի»,- ասաց ՌԴ Պետդումայի պատգամավորը: