կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-08-17 13:29
Քաղաքական

ԱԻՆ-ն ունի տեխնիկա, բայց դա բավարար չէ. փոխնախարար

ԱԻՆ-ն ունի տեխնիկա, բայց դա բավարար չէ. փոխնախարար

ՀՀ ԱԻՆ նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանըն այսօր լրագրողներին ասաց, որ ՀՀ ԱԻՆ-ն ունի հրդեհաշիջման տեխնիկա, բայց այն բավարար չէ: Նրա խոսքով` տեխնիկան ձեռք է բերվել նախարարության ունեցած հնարավորությունների սահմաններում:

«Թե ինչո՞ւ չունենք հրդեհաշիջող ինքնաթիռ, դրանք հարցեր են, որոնք պայմանավորված են ֆինանսներով, սակայն ժխտել, որ ԱԻՆ-ը վերջին տարիներին իր աշխատանքում մեծ արդյունավետություն և առաջընթաց է ունեցել, դա արդեն սուբյեկտիվ է: Խոշոր աղետներին պիտի պատրաստվենք և պատրաստվում ենք»,- ասաց Կարապետյանը:

Հարցին` փոխնախարարն ընդունո՞ւմ է, որ այսպիսի մասշտաբի հրդեհի ԱԻՆ-ը պատրաստ չէր, նա պատասխանեց. «ԱԻՆ-ը տեխնիկապես խնդիրներ ուներ, բայց դա մենք փորձեցինք կոմպենսացնել: Այս կարգի հրդեհների դեմ անգամ ամենամեծ ու զարգացած երկրները դժվարություններ ունենում են: Մենք մեր ռեսուրսներով առավելագույնն արել և անում ենք»:

Ինչ վերաբերում է հարցին` ամսի 12-ին էր բռնկվել հրդեհը, ինչո՞ւ ռուսական կողմի օգնությանը դիմեցին օգոստոսի 14-ին, փոխնախարարը պատասխանեց, որ հրդեհի ծավալներն այդքան մեծ չէին, և հույս է եղել չեզոքացնել սեփական ուժերով, սակայն քամին նպաստել է հրդեհի տարածմանը: «14-ի առավոտյան դիմեցինք ՌԴ մեր գործընկերներին, և նույն օրը ինքնաթիռը Հայաստանում էր»,- ասաց նա:

Կարապետյանի խոսքով` նախարարությանը անհրաժեշտ են և՛ հրդեհաշիջող ավիացիա, և՛ դժվարամատչելի ռելիեֆի պայմաններում աշխատող ամենագնացներ, որոնք ձեռք բերելու ուղղությամբ աշխատանքներ տարվում են: «Միջազգային համագործակցության շնորհիվ վերջին տարիներին մեքենաների պարկը թարմացվել է, սակայն անտառային հրդեհների համար տեխնիկա քիչ ունենք»,- նշեց նա: