Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Նոր նրբերանգներ է ձեռք բերում քաղբանտարկյալների ազատագրման հարցը: Փաստորեն, ոչ թե համաժողովրդական պայքարի հետեւանքով է ակնկալվում նրանց ազատագրումը, այլ Սերժին ուղղված` ողջախոհություն դրսեւորելու կոչերով: Ես լինեմ Սերժի տեղը, հրամանագիր կարձակեմ հետեւյալ ձեւակերպմամբ. «Հաշվի առնելով Կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի երկու հաջորդական հանրահավաքներում մի շարք բանտարկյալների ներում շնորհելու վեաբերյալ հրապարակային դիմումները` ներում շնորհել... թվարկում»,- Հայ ազգային կոնգրեսի` ապրիլի 8-ի հանրահավաքին նվիրված հոդվածում` իր ինտերնետային էջում երեկ գրել է ՀԱԿ անդամ Կարապետ Ռուբինյանը` ավելացնելով. «Մենք իրավամբ հպարտանում ենք ներման խնդրագիր գրելու առաջարկները մերժող մեր քաղբանտարկյալ եղբայրների կեցվածքով, բայց չտեսնելու ենք տալիս, երբ Կոնգրեսի առաջնորդն արդեն երկրորդ ներման դիմումն է հնչեցնում հանրահավաքում»:
Կ. Ռուբինյանը տարակուսանք է հայտնել նաեւ Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու վտանգի մասին ՀԱԿ առաջնորդի հիշտակման վերաբերյալ:
«Եթե ինչ-որ մարդիկ թերահավատությամբ են վերաբերվում այս մտավախությանը, ես կասկած չունեմ, որ Ադրբեջանը վայրկյան անգամ չի հապաղելու օգտվել Հայաստանում ծագած որեւէ լուրջ խառնակությունից». իր հոդվածում մեջբերելով Լ. Տեր-Պետրոսյանի ելույթի այս հատվածը` Կարապետ Ռուբինյանը հարցնում է. «Այս պնդումն անողը ո՞նց է ապրիլի 28-ին վերջնագիր ներկայացնելու Սերժին, ո՞նց է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ կազմակերպելու: Սա պայքարից հրաժարվելու հայտարարության տակ դրված պարզ ստորագրություն չէ՞: Եվ եթե այդ պնդումը ճիշտ է, ավելի ազնիվ չի՞ լինի մարդկանց տներից չհանել հանարահավաքի»:
Իհարկե, դժվար չէ պատկերացնել ՀԱԿ-ի արձագանքը Կ. Ռուբինյանի նշված եւ մի քանի այլ կարեւոր հարցադրումներին: Լավագույն դեպքում, Ռուբինյանը կարող է որակվել որպես «մոլորյալ», իսկ ավելի հավանական է, որ վերջնականապես կհամալրի նրանց շարքերը, ովքեր, ինչպես Տեր-Պետրոսյանն էր ասել, ամեն կերպ խոչընդոտում են «իշխանությունների եւ հասարակության միջեւ համերաշխության մթնոլորտի ձեւավորմանը»:
Սակայն Կ. Ռուբինյանն այն եզակի ընդդիմադիր գործիչներից է, ով հաղթահարել է «ՀԱԿ-ի մասին կա'մ լավ, կա'մ ոչինչ» տաբուն եւ հնչեցնում է հարցադրումներ, որոնց մասին մտածում են անգամ ՀԱԿ-ի շատ ներկայացուցիչներ, սակայն չեն համարձակվում արտահայտվել: