կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-04 23:01
Քաղաքական

Փաշինյանը կրկնում է Լևոն Տեր-Պետրոսյանին. Մելիք Գարագավորյան. 168.am

ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանի փոխանցմամբ՝ սփյուռքը, որ 2018-ին ողջունել էր Հայաստանում տեղի ուենցած ժողովրդական ընդվզման արդյունքները, հիմա հուսախաբված է, մտահոգված և չի հասկանում, թե սիրո և համերաշխության կարգախոսի ներքո ինչ գործընթացներ են տեղի ունենում։

«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Մելիք Գարագավորյանը՝ պարզաբանելով.

«Անհասկանալի են մեզ համար քաղաքական գորընթացները ՀՀ-ում, մասնավորապես՝ միասնականության բացակայությունը, հասարակության շերտավորումը, դավադիրների որոնման քաղաքական վարքագիծը»: ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամը շեշտեց, որ ներկա իշխանության գործողություններից ինքը հանգում է այն ենթադրության, որ նրանք գնում են քաղաքական մենիշխանության։

«Վրեժխնդրությամբ և այլակարծությունը մերժելու հիմքով քաղաքականությամբ չենք կարող ՀՀ-ն ղեկավարել, մանավանդ, երբ կան արտաքին բազմաթիվ սպառնալիքներ»,- ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, որ իշխանությունն իր քայլերը հիմնավորում է նախկին կոռումպացված իշխանությունների թալանածը պետական բյուջե վերադարձնելով, Մելիք Գարագավորյանն ասաց, որ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը կողմ է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին։

«Սակայն դա պետք է կատարել առանց ցնցումների, առանց հասարակությանը շերտավորելու ու քաղաքական հետապնդումների»,- նկատեց նա։

Հարցին՝ հեղափոխությունից հետո Հայաստանում կա՞ն քաղաքական հետապնդումների ենթարկվող անձինք, Մելիք Գարագավորյանը պատասխանեց.

«Մենք մեր ելույթներով և գրառումներով կոչ ենք անում, որ խնդիրները պետք չէ անձնավորել, թիրախավորել, պետք է բնականոն քաղաքական ընթացքով հասնել նրան, որ հանցավոր աշխարհի մաս կազմող տարրերն օրենքի և Սահմանադրության առջև հավասար ձևով պատասխանատվության ենթարկվեն։ Մենք չենք եկել, ինչ որ ասել ենք՝ ճիշտ հակառակն անելու։ Կա կարմիր գիծ, իսկ այդպիսի գիծ է քաղաքական կայունությունը»։

Խոսելով սփյուռքից Հայաստան ներդրումների մասին՝ Մելիք Գարագավորյանն ասաց.

«Ցանկացած երկիր ներդրողին գրավիչ դառնալու համար նախ պետք է ապացուցի, որ կայուն վիճակում է, և շուկան պետք է վստահություն ներշնչի։

Ներկա քաղաքական ընթացքը, քաղաքական հետապնդումները խանգարում են տնտեսական իրական ծրագրերի իրականացմանը։ Այս հարցերում է, որ սփյուռքն ունի իր մտահոգությունները։ Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանը որ ուղղությամբ է գնալու, հարց է, ի վերջո, նաև հետևյալը՝ մենք ինչպիսի Հայաստան ենք ուզում»։

ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամն անդրադարձավ նաև հնչող այն գնահատականներին, որ Նիկոլ Փաշինյանը մի շարք հարցերում կրկնում է 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը։

«Դժբախտաբար, այո՛, նմանություններ տեսնում եմ, բայց ճիշտ կլիներ, որ այդ հիշողությունները սփյուռքահայերիս համար փակված լինեին և չվերակենդանանային։ Ճիշտ կլիներ, որ մենք փակած լինեինք պատմության էջը։ Լևոն Տեր-Պետրոսյանի և ներկա իշխանությունների վարած քաղաքականության մեջ որևէ բան չպետք է նման լիներ, որևէ բան չպետք է այդ նմանության մասին անգամ հուշեր»,- ասաց նա։

Ճշտող հարցին, թե որոնք են այդ նմանությունները, Մելիք Գարագավորյանը հստակեցրեց.

«Օրինակ՝ անորոշությունն Արցախյան հարցում, Արցախի անվտանգության երաշխիքները պաշտպանելու և միջազգային ճանաչման գործընթացում։ Կա նաև միասնականության, ազգային համաձայնության խնդիրը, որոնք այն ժամանակ էլ կային»։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղավնի Սուքիասյան