կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-08 05:34
Հասարակություն

Միտքը՝ 5, կատարումը՝ 2

Միտքը՝ 5, կատարումը՝ 2

Մարզերի պատանիներին հիանալի հնարավորություն էր ընձեռված` գալ Երևան, մոտ մեկ ժամից ավելի կանգնել Հանրապետության հրապարակի կենտրոնում և մասնակցել «Միասին» երիտասարդական շարժման կազմակերպած ինչ-որ ակցիայի:

Միջոցառման նպատակը հայուհիներին մայրության և գեղեցկության տոնի առթիվ շնորհավորելն էր:

Պատանիները, հրապարակի կենտրոնում կանգնած, պետք է վեր բարձրացնեին տարբեր գույներով ներկված ստվարաթղթեր և արդյունքում ստանային երեխային գրկած մոր պատկերը:

Առաջին հայացքից մտածված էր հիանալի, և այդպես էլ կլիներ, եթե …

Մենք՝ հայերս, միշտ խոսում ենք մեր կազմակերպվածության մասին, սակայն երբ բանը հասնում է գործին, չգիտես ինչու, այն միանգամից կորչում կամ գտնվում է «ռադիոծածկույթից դուրս»: Բացառություն չէր նաև «Միասին»-ը. նախապես ԶԼՄ-ներին հայտնել էին, որ ժամը 3-ին ամեն ինչ պատրաստ կլինի, բայց պատկերը ստացվեց մեկ ժամ ուշացումով, քանի որ միջոցառման մասնակիցները չգիտեին, թե ե՞րբ եւ ի՞նչ գույնի ստվարաթուղթը պիտի բարձրացնեին: Տպավորությունն այնպիսին էր, որ խեղճ երիտասարդները նույնիսկ չգիտեին, թե ինչի են մասնակցում:

Վերջում հավելեմ, որ հատուկ այս միջոցառման համար հրապարակ էին բերվել երկու շարժական աշտարակ, որոնց վրա կանգնած, իրար հերթ չտալով, աշխատում էին տարբեր հեռուստաընկերությունների օպերատորներ: 

Միջոցառումը, փաստորեն, հեռուսատատեսությունների համար էր, քանի որ հրապարակում, նրանցից բացի, ոչ ոք չկար:

Ինչեւէ, երեկոյան լուրերով կտեսնենք...

Ռազմիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Միջոցառման լուսանկարները կարող եք տեսնել այստեղ: