կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-30 07:30
Հասարակություն

Սպառնացող պատգամավորի դեմ քրեական գործ չի հարուցվի

Սպառնացող պատգամավորի դեմ քրեական գործ չի հարուցվի

ԱԺ պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը սպառնացել է «Փարիզյան սուրճ»-ի սեփականատեր Վալերի-Աշխեն Գործունյանին, որ կսպանի նրան եւ նրա որդուն, եթե այս գիշեր չհեռանան Հայաստանից: Սպառնալիքի պատճառը «Ժամանակ» թերթի հրապարակումն է, թե  ամիսներ շարունակ հանրապետական պատգամավոր Զոհրաբ Զոհրաբյանը, կքած պարտքերի տակ, զբաղվել է ալֆոնսությամբ:

Թե իրավապահ մարմինները որեւէ քայլ նախաձեռնե՞լ են այս հրապարակման հիման վրա, փորձեցինք ճշտել գլխավոր դատախազությունից, որի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը հարցի կապակցությամբ նշեց, որ, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի, կան դեպքեր, երբ քրեական գործ է հարուցվում, եթե տուժող անձը գրավոր կամ բանավոր կերպով իրավապահ մարմիններին հաղորդում է հանցագործության մասին, իսկ ԶԼՄ-ներում հաղորդումները քրեական գործ հարուցելու համար հիմք չեն:

Որպեսզի քրեական գործ հարուցվի, Վալերի-Աշխեն Գործունյանն անձամբ պետք է դիմի իրավապահ մարմիններին: Սակայն Գործունյանը դեռեւս չի պատրաստվում դիմել այդ քայլին. խնդիրներ կան, որոնց լուծվելուց հետո նոր քայլեր կձեռնարկի: Նա «Երկիր»-ին ասաց, որ Հայաստանից հեռանալ չի ցանկանում, վախկոտ չէ, եւ այս կյանքում ամեն ինչ հարաբերական է: