կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-09 11:50
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիվանդանոցում տեղ չլինելու պատճառով մարդիկ են մահացել՝ քրեական վարույթ պե՞տք է հարուցվի․ Զոհրաբյանը՝ ՄԻՊ-ին

Վարչապետը հայտարարեց, որ հիվանդանոցում տեղ չի եղել՝ 2 մարդ է մահացել, քրեական վարույթ չպե՞տք է հարուցվի՝ ըստ Yerkir.am-ի ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին հարց ուղղեց Աժ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին։

«Կուզենայի Ձեր արձագանքը լսել, որ բուժհաստատություններում տեղ չլինելու պատճառով մարդիկ մահացել են, սրան պե՞տք է իրավական գործընթաց հետևի, թե՞ ոչ։ Ի վերջո, քրեական վարույթ պե՞տք է հարուցվի՝ պարզելու համար մեղավորներին, քանի որ գործ ունենք մարդկային կյանքերի հետ»,-ասաց նա:

Քրեական վարույթ հարուցելու անհրաժեշտության հարցը լուծելու համար պետք է հասկանալ կոնկրետ գործի հանգամանքները՝ արդյո՞ք պաշտոնատար անձի մեղքով է եղել, թե՞ ոչ՝ պատասխանեց Արման Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում սպասում են նաև դրա պարզաբանումներին, որպեսզի հասկանան հետագա գործողությունները․ «Որպես ՄԻՊ՝ այս պահին իմ կողմից ժամանակավրեպ կլինի քրեական վարույթի մասին խոսելը, և ճիշտ չի լինի կանխակալ գնահատականներ հնչեցնելը»:

Նաիրա Զոհրաբյանի հաջորդ հարցն էր՝ արդյո՞ք չպետք է բոլոր գործերը պարզաբանելու համար հարուցվի վարույթ։

Արման Թաթոյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանը պաշտոնատար անձ է, թեև անկախ է: Ի տարբերություն հասարակական, քաղաքական գործիչների, պատգամավորների, չեմ կարող նման գնահատականներ տալ»:

Հիշեցնենք, որ պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ մեր առողջապահական համակարգն այսօր արդեն այնքան ծանրաբեռնված է, որ հոսպիտալիզացիայի ենթակա հիվանդներին չենք հասցնում տեղավորել հիվանդանոցներում։ Նա նշել էր, որ կա դեպք, երբ բժշկական օգնության ուշացման պատճառով մարդ է մահացել կորոնավիրուսից։ «Երկու մահվան դեպք ենք ունեցել նաև, երբ պացիենտը պետք է լիներ վերակենդանացման բաժանմունքում, սակայն գտնվել է ընդհանուր բաժանմունքում վերակենդանացման բաժանմունքում տեղ չլինելու պատճառով», - ասել էր վարչապետը։

Մանրամասն՝ տեսանյութում․