կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-07-01 19:42
Տնտեսական

Դղյակի տերերին հարկելու անվան տակ հարկային զգալի բեռը կրելու են միջին և աղքատ խավը․ Սուրեն Պարսյան

Դղյակի տերերին հարկելու անվան տակ հարկային զգալի բեռը կրելու են միջին և աղքատ խավը․ Սուրեն Պարսյան

Սահմանադրականության մասով ես իր հետ համաձայն եմ, որ այդքան էլ պինդ հիմքեր չկան, բայց միաժամանակ զարմանում եմ, որ նախագահն անմասն է մնացել այս քննարկումներից, այսինքն՝ սպասել է, որ օրենքը երկու ընթերցմամբ ընդունվի, գնա նախագահական, նոր իր կարծիքը հայտնի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով հունիսի 30-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրված «ՀՀ Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքին, որը նախատեսում է գույքահարկի դրույքաչափերի փոփոխություն։

Նշենք, որ hանրապետության նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն՝ թեև այդ օրենքի ընդունումը ժամանակավրեպ է, այնուամենայնիվ, Արմեն Սարգսյանը ստորագրել է այն։

«Ոչինչ չէր խանգարում, որ նախագահը մինչ այդ իր տեսակետը հրապարակավ ներկայացներ կամ աշխատանքային քննարկումների արդյունքում ներկայացներ, բայց նա չի օգտվել այդ բոլոր հնարավորություններից, ուղղակի որոշեց քաղաքական նպատակով իրեն զերծ պահել պատասխանատվությունից։ Այսինքն՝ ես պատասխանատվություն չեմ կրում այս օրենքի քաղաքական հետևանքների համար։ Իսկ տնտեսական և այլ հանգամանքները, որոնք մատնանշել է, միանշանակ համաձայն եմ նրա հետ, իրոք նման խնդիրներ կան, և սա բացասական ազդակ է տնտեսության համար։ Չեմ կիսում իշխանությունների այն տեսակետը, որ սրանով իրենք կարող են խթանել տնտեսական ակտիվությունը։ Նման բան տեղի չի ունեցել և տեղի չի ունենա հարկերի բարձրացման արդյունքում»,- ընդգծեց տնտեսագետը։

Սուրեն Պարսյանը մի շարք վերապահումներ ունի ընդունված օրենքի վերաբերյալ։ Ըստ նրա՝ այն կարող է խնդիրներ առաջացնել դատական համակարգի համար։

«Տեղական ինքնակառավարման մարմինները երբ փորձեն սոցիալապես խոցելի խմբերից թեկուզ 2000-3000 դրամ գույքահարկ գանձել, լուրջ խնդիրներ են ունենալու դրա հավաքագրման ժամանակ։ Նրանք ստիպված են լինելու դիմել դատարաններ, ԴԱՀԿ ծառայություն, և այն իրավիճակում, երբ որ դատական համակարգը առանց այդ էլ ծանրաբեռնվածությամբ է աշխատում, դա ուղղակի կոլապսի կհասցնի»,- նկատեց Սուրեն Պարսյանը։

Համավարակով պայմանավորված՝ երկրում ստեղծված իրավիճակից ելնելով, տնտեսագետը ոչ ժամանակին է համարում գույքահարկի բարձրացման վերաբերյալ օրենքի ընդունումը։ Նա ընդգծում է՝ ճգնաժամի հետևանքները մեկ տարում չենք հաղթահարելու, տարիներ են պետք։

«Իշխանությունները կարծում են, որ այս ճգնաժամը տևելու է առավելագույնը մեկ տարի, սակայն նրանք սխալվում են։ Ճգնաժամը և դրա հետևանքները մենք զգալու ենք ոչ թե մեկ կամ երկու տարի, այլ առնվազն երեքից հինգ տարի։ Դա ակնհայտ երևաց նաև 2008-2009թթ․ ճգնաժամի ժամանակ, երբ տնտեսությունը անկում գրանցեց 14,4%–ով, և մի քանի տարի շարունակ մենք ունեինք լուրջ խնդիրներ՝ տնտեսական ակտիվությունը խթանելու, տնտեսության դիվերսիֆիկացման հետ կապված խնդիրները լուծելու համար»,- նշեց նա, ապա հավելեց․

«Ըստ էության, մեր տնտեսությունը շինարարության ասեղից տեղափոխվեց հանքարդյունաբերության ասեղի ։ Այ հիմա, իրոք, լուրջ խնդիր կա. հանքարդյունաբերության ասեղը չկա, լուրջ ճգնաժամ է հանքարդյունաբերության համար, քանի որ միջազգային շուկայում պղնձի, մոլիբդենի գները բարձր չեն, և հիմա պետք է հասկանալ՝ տնտեսության փրկօղակը ո՞րն է լինելու այս պահին։ Այս իշխանությունների կողմից ես նման այլընտրանքային տնտեսական քաղաքականություն կամ նախագծեր չեմ տեսնում, իրենք շարունակում են նախորդ շրջանից եկող տնտեսական քաղաքականությունը՝ նույն հին կադրերով»։

Սուրեն Պարսյանի գնահատմամաբ՝ գույքահարկի դրույքաչափերի փոփոխության վերաբերյալ օրենքը սոցիալական արդարության խախտում է։

«Գործող իշխանությունները նախատեսել են, որ ներկայիս 10 մլրդ գույքահարկը պետք է դարձնեն 40 մլրդ, այսինքն՝ 30 մլրդով ավելանալու է, բայց այդ 30 մլրդից ընդամենը 2, 3 մլրդն են վճարելու այսպես ասած դղյակի տերերը։ Նրանք՝ դղյակի տերերին հարկելու փիլիսոփայության անվան տակ բերեցին այդ օրենքն անցկացրեցին, որի հարկային զգալի բեռը կրելու են միջին և աղքատ խավը․ այստեղ է ամենամեծ անարդարությունը։ Այդ նույն հարուստները եկամտային հարկի համահարթեցումից արդեն իսկ շահել էին, նույն խոշոր բիզնեսը շահութարկի նվազեցումից ևս շահել էր։ Այսինքն՝ խոշորներն ավելի շահեկան դիրքերում են գնտվում այս պահի դրությամբ»,- ընդգծեց Սուրեն Պասյանը։

Նշենք, որ օրենքը կգործի 2021թ․-ի հունվարի 1-ից, բայց աստիճանաբար։ 2021թ․-ից վճարման ենթակա կլինի անշարժ գույքի նոր արժեքի եւ նոր դրույքաչափերի հիման վրա հաշվարկված հարկի 25 տոկոսը, 2022 թվականին` 30 տոկոսը, 2023 թվականին` 35 տոկոսը, 2024 թվականին 50 տոկոսը և 2026 թվականից կսկսեն վճարել 100 տոկոսը։

«Այս օրենքի հետևանքով բոլորն սկսելու են շատ գույքահարկ վճարել։ Որոշ մարդիկ գուցե առաջին, երկու տարիներին քիչ վճարեն, բայց երկու տարի հետո բոլորը սկսելու են շատ վճարել»,- ասաց նա։

Տնտեսագետից հետաքրքրվեցինք նաև, թե գույքահարկի բարձրացումը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ բնակարանների գները և վարձակալության գները բարձրանան։ Ի պատասխան Սուրեն Պարսյանը դա չբացառեց, բայց նաև նշեց, որ հակառակը ևս կարող է լինել։

«Կարող են նաև առանձին դեպքերում, հատկապես՝ թանկարժեք բնակարանների դեպքում գները իջնել, քանի որ դրա պահպանման ծախսերը շատ են լինելու։ Օրինակ՝ Դեթրոյթում, տներ կան բավականին ցածր գներով են, քանի որ այդ տների վրա բավականին մեծ գույքահարկ կա տարիներ շարունակ կուտակված»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ սա շինարարության ոլորտի վրա բացասական ազդեցություն կունենա։