կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-18 00:12
Հասարակություն

Օդաչուներին զրկել են թոշակից

Օդաչուներին զրկել են թոշակից

Այսօր մի խումբ նախկին օդաչուներ հավաքվել էին կառավարության շենքի առջեւ եւ պահանջում էին իրենց հասանելիք թոշակը:

 

«Ես 42 տարի օդում եմ եղել: Արդեն 5 տարի է` թոշակ չենք ստանում, բայց թե ի՞նչ պատճառաբանությամբ` չգիտենք: Դիմել ենք ում ասեք, բայց ոչ մի արդյունք»,- ասում է Հենրի Սարգսյանը:

 

Օդաչուների հավաստմամբ` իրենք եղել են 130 հոգի, սակայն 40-ն արդեն մահացել են:

 

Գագիկ Միրզոյանը վիրավորանքով նշեց, որ իրենց մեջ կան նաեւ Հայաստանի հերոսներ, որոնց նույնպես չեն վճարում:

 

«Մենք անցել ենք բոլոր դատական ատյաններն ու հաղթել ենք: Անցած ամիս մեզ ընդունել են մի քանի նախարարներ` արդարադատության, պաշտպանության, աշխատանքի եւ սոցիալական հարցերի, բայց ոչ ոք ոչինչ չի պատասխանել: Նրանք զարմանում են ընդամենը, կարծես տեղյակ էլ չեն ու ասում են` հարցը պետք է լուծվի ամենաբարձր ատյաններում»,- ասաց նա:

 

Ըստ բողոքողների` օդաչուներն ապրում են շատ քիչ` մինչեւ 70 տարի, եւ կառավարությունն էլ հարցը ձգձգում է, որ իրենք մահանան ու իրենց հասանելիք փողը գրպանեն:

 

«18.000 ժամ թռիչք եմ ունեցել, հիմա էլ`  1976 թվականից, հիվանդ եմ. ականջներումս դեռ ինքնաթիռի ձայնն է: Մենք չենք հասկանում մեր ղեկավարներին»,- ասաց Միշա Մանուկյանը: