կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-12 10:20
Հասարակություն

Մեկ տարի անց. ընկերները հիշում են Մի-24-ի զոհված օդաչուներին

Մեկ տարի է անցել Արցախում հակառակորդի կողմից ուսումնավարժական թռիչքի ժամանակ հայկական օդուժի Մի-24 ուղղաթիռի խոցման դեպքից: Ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամների ծառայակիցների հիշողություններում դեռ թարմ է նոյեմբերյան չարաբաստիկ օրը: Ասում են ՝ գուցե ժամանակը կբուժի, ինչ-որ կերպ ընկերների կորստի ցավը կմեղմանա, բայց տղաներից հետո մնացած «սպիները», այնուամենայնիվ, չեն անհետանա:

«Թեև Սերգեյը, Սարգիսն ու Ազատը ֆիզիկապես մեզ հետ չեն, բայց միշտ զգում ենք նրանց ներկայությունը»,-խոստովանում է ռազմական օդաչու Ռուստամ Խաչատրյանը: Նա խոցված ուղղաթիռի հրամանատար Սերգեյ Սահակյանին ճանաչում էր 1994-ից , նրա հետ ծառայել էր 17 տարի: «Մեծատառով մարդ՝ ընկերասեր, կատակասեր, հարմարվող, բոլորի հետ կարողանում էր ընդհանուր եզրեր գտնել»,-yerkir.am-ի հետ զրույցում զոհված ընկերոջը նկարագրում է Ռուստամն ու հավելում. «Ռազմական ավիացիան, ուղղաթիռներն ու թռիչքները Սերգեյի տարերքն էին»: Ընկերոջ խոսքով ՝ Սերգեյին տարբեր առաջարկներ են եղել՝ կապված աշխատանքը փոխելու հետ, սակայն նա հրաժարվել է, որ շարունակի ուղղաթիռով թռչել:

Սերգեյի հետ 20 տարի ծառայած Տիրայր Դանիելյանն էլ խոստովանում է. «Դեռ շատ բաներ ունեինք նրանից սովորելու…Թե´ իր համեստությամբ, թե´ պրոֆեսիոնալիզմով արժանի էր ընդօրինակման, ավիացիայի ոլորտում Սերգեյի պես մասնագետները շատ են պետք»:

23-ամյա Պետիկ Գեղամյանն ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներից Ազատ Սահակյանի համակուրսեցին է: Խոսելով Ազատի նպատակների մասին՝ ասում է. «Ուզում էր առաջ գնալ, լավ մասնագետ դառնալ»:

Ընկերոջ խոսքով՝ Ազատը լավատես էր, սիրում էր օգնել դիմացինին: «Սիրում էր ինչ-որ նոր տեղ գնալ, ինչ-որ նոր բան տեսնել, սովորել, հետաքրքրասեր էր՝ սիրում էր ինչ-որ բան քանդել՝ ուսումնասիրել : Տեղում նստած չէր մնում, անընդհատ ինչ-որ բան էր մոգոնում, որ պարապ չմնա»,- պատմում է Պետիկն ու նշում ՝ Ազատի տեղը միշտ էլ դատարկ է մնալու… Դավիթ Եսայանն էլ է Ազատի հետ ծառայել, դեպքի օրերին չէր հավատում կատարվածին, իսկ հիմա… «Մինչև հիմա էլ էնպիսի զգացողություն է, որ չհավատանք կատարվածին»,- ասում է Դավիթը, իսկ Պետիկն էլ ավելացնում է. «Ավելի շուտ չենք ուզում հավատալ, որ նա մեզ հետ չէ»: Դավիթի խոսքով՝ Ազատը սիրում էր ձկնորսությամբ զբաղվել: «Շաբաթ, կիրակի օրերին, երբ ազատ օր էր ունենում առավոտները գնում էր ձկնորսության, գալիս՝ պատմում էր»:

Գևորգ Աղաբալյանն էլ Սարգիս Նազարյանի ընկերն է: «Սարգիսը ոչ միայն թռչել շատ էր սիրում, այլև կոնստրուկտորական նորամուծություններ էր անում տեխնիկայում, սիրում էր ինչ-որ բան հորինել»,- ասում է նա: Գևորգն ավելորդ է համարում խոսել Սարգսի մարդկային որակների մասին: Ասում է՝ բոլորը գիտեին, թե ինչ նվիրված էր ընտանիքին, ընկերներին:

Մանրամասները՝ yerkir.am-ի տեսանյութում:

Դեպքի մասին yerkir.am-ի պատրաստած տեսանյութը՝ այստեղ: