Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանում պատրաստվում են մարտի 21-ին նշել իրենց Ամանորը` Նովրուզը: Իսկ Հայաստանում պատրաստվում են դիմավորել Նովրուզի առիթով հարեւան երկրից ժամանող զբոսաշրջիկներին:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանի համոզմամբ` այս տարի եւս մեծ թվով իրանցիներ Նովրուզը կնշեն Հայաստանում: «Մենք պատրաստ ենք միաժամանակ այդքան շատ զբոսաշրջիկներ ընդունել. հյուրանոցային համարներն արդեն պատրաստ են»,- ասաց նա:
Զբոսաշրջության վարչության պետը տեղեկացրեց, որ նախորդ տարի այս օրերին շուրջ 20 հազար իրանցի է այցելել Հայաստան, իսկ այս տարի ակնկալվում է այցելությունների 40 տոկոս աճ:
Խոսելով այն մասին, թե ինչո՞ւ են այս օրերին պարսիկները հատկապես Հայաստան ժամանում, փորձագետ Տիգրան Դավթյանը նշեց, որ նրանք պարզապես այդ օրերին դուրս են գալիս երկրից: Եվ մեծ հոսք լինում է ոչ միայն Հայաստանում, այլեւ շատ այլ երկրներում, պատճառն այն է, որ Իրանում արգելված են էստրադային երաժշտությունը, պարը եւ ալկոհոլը: Իսկ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերություններ են եւ պարզեցված վիզային ռեժիմ:
Մեխակ Ապրեսյանի համոզմամբ` Հայաստանը իրանցիներին ոչ միայն ազատությամբ է ձգում, այլեւ այստեղ նրանք ծանոթանում են մեր պատմամշակութային հուշարձաններին, անգամ պահանջում են, որ պատմամշակութային հուշարձանների մասին պատմող տեղեկատվական վահանակները նաեւ պարսկերենով լինեն:
Փորձագետը նշեց նաեւ, որ Հայաստան այցելող իրանցիները դժգոհություններ էլ ունեն, հիմնականում` ճանապարհային ցուցանակների բացակայության, ինչպես նաեւ պետավտոտեսչության աշխատակիցների և մաքսակետերի աշխատանքի հետ կապված։ «Մեր ավտոտեսուչները, բացի հայերենից և ռուսերենից, այլ լեզու չգիտեն։ Կանգնեցնում են պարսիկ վարորդին, սակայն չեն կարողանում հաղորդակցվել նրանց հետ»,- ասաց նա` նշելով, որ ավտոտեսուչները պետք է գոնե անգլերեն իմանան եւ փոքր-ինչ զիջող լինեն:
Մեխակ Ապրեսյանն էլ հակադարձեց, որ եթե մի ոստիկան չի կարողանում անգլերեն խոսել, դա չի նշանակում, որ բոլորը չգիտեն: Հետո էլ, որպես օրինակ, նշեց, որ ինքն Իտալիայում հանդիպել է ոստիկանի, որն անգլերեն չի իմացել:
Ապրեսյանի համոզմամբ՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը տարեցտարի ավելանում է, իսկ մեկ զբոսաշրջիկը մեկ այցելության ընթացքում ծախսում է մոտ 1000 դոլար: