Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարության որոշմամբ` 2004 թ.-ից ՀՀ-ում հոկտեմբերի 7-ը պաշտոնապես նշվում է որպես Գրադարանավարի օր: ՀՀ մշակույթի նախարարությունը, կարևորելով գրադարանների դերը հասարակության կյանքում, արդեն չորրորդ անգամ Գրադարանավարի օրվա կապակցությամբ անցկացնում է «Հանդիպման վայրը` գրադարան» խորագրով ծրագիրը, որը նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ օրը՝ երեկոյան:
Արդեն ավանդական դարձած «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագիրն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 5-ին: Այդ օրը երեկոյան ժամը 18-23-ը Հայաստանի շուրջ 100 գրադարան բաց կլինեն ընթերցողների համար: «Հանդիպման վայրը` գրադարան» ծրագրի նպատակն է ընդգծել գրքի, գիտելիքի, գրադարանների դերը, ընթերցանության կարևորությունն արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, ինչպես նաև նպաստել գրքի և գրականության տարածմանն ու նորովի ներկայացմանը:
Մեր օրերում գրադարանները ոչ միայն գիրք տրամադրող կազմակերպություններ են, այլև տարածաշրջանի համար ժամանցի կազմակերպման կենտրոն, երկխոսությունների միջավայր գրադարանավարի, ընթերցողի, հեղինակի, հրատարակչի միջև: Գրադարաններն առանձնահատուկ են պատրաստվել այդ օրվան` կազմակերպելով ավելի քան 300 միջոցառում` կլոր սեղաններ, գրական գեղարվեստական երեկոներ, գրադարանային խնդիրների քննարկումներ, հանդիպումներ գիտության, մշակույթի, գրականության նշանավոր անձանց հետ և այլն:
Այս տարի առանձնակի ուրախությամբ իրենց մասնագիտական տոնը կնշեն Շիրակի մարզային գրադարանի գրադարանավարները: Հոկտեմբերի 7-ին Շիրակի նորաբաց մարզային գրադարանն իր հարկի տակ կհյուրընկալի հանրապետության մշակույթի և գրադարանային ոլորտի ներկայացուցիչներին, ընթերցողներին: Գրադարանի շենքը, որը համարվում է Գյումրի քաղաքի պատմաճարտարապետական շինություններից մեկը, վերակառուցվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի, Իտալիայի կառավարության և ՀՀ կառավարության ֆինանսական աջակցությամբ: