կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-12 08:16
Իրավական

"Գլենդել Հիլզ"-ի անտեղյակ պաշտպանները

"Գլենդել Հիլզ"-ի անտեղյակ պաշտպանները

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասություների առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Ա.Սուքոյանի, լսվեց «Գլենդել Հիլզ»-ի հայցն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի:

 

Ըստ հայցի` օրաթերթն իր 2010 թվականի թիվ 137 համարում տպագրել է մի նյութ, որը, ըստ հայցվոր կողմի, զրպարտել եւ վիրավորել է կազմակերպության բարի համբավը:


Դատական նիստը տեւեց մոտ 2 ժամ: Պատասխանող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայցվորից փորձեց պարզել, նյութից առանձնացնելով մի քանի հատվածներ, թե որոնք է համարում զրպարտություն:

 

Նախ` «Գլենդել Հիլզ»-ի կողմից դատարան ներկայացած երեք փաստաբաններից Մարիամ Մելքումյանը պատասխանող կողմի տված  հարցերին ի պատասխան հայտնեց, որ, օրինակ, նյութում տեղ գտած որոշ հատվածներում հոդվածագիրը, առանց որեւէ փաստ նշելով, զրպարտել է կազմակերպությանը:

 

«Օրինակ` սուտ է , որ Գյումրու Մուշ-2 թաղամասում փլուզում է տեղի ունեցել, եղել է գաջաթափում: Նյութում տեղ գտած  արտահայտությունը, որ ընկերությունը բնակիչներին հորդորել է  ԶԼՄ-ներին չտեղեկացնել տեղի ունեցածի մասին, նույնպես սուտ է: Իսկ ամենամեծ զրպարտանքն այն է, որ հոդվածում նշված է, թե կազմակերպությունը բնակիչներից ոմանց առաջարկել է 1000 դոլար` լուռ մնալու համար»,- ասած «Գլենդել Հիլզ» կազմակերպության ներկայացուցիչը:

 


«Ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչն էլ մոտ մեկ ժամ հայցվոր կողմից փորձում էր հասկանալ, թե, բացի այդ 4 փաստերից,  նյութում էլ  ո՞ր փաստերն են, որ իրականությանը չեն համապատասխանում, սակայն փաստաբան Բաղդասարյանի հարցադրմանն ի պատասխան` հայցվոր կողմի մեկ այլ ներկայացուցիչ` Արթուր Միքայելյանը հայտարարեց. «Մենք համարում ենք, որ ամբողջ հոդվածը վիրավորել եւ զրպարտել է կազմակերպության գործարար բարի համբավը»:

 

Դատավոր Սուքոյանը, լսելով կողմերին, հայտարարեց, որ իրականում իր ընկալմամբ պատասխանող կողմը պետք է ապացուցի նյութում տեղ գտած 4  փաստերը, դրանք են` ինքնափլուզումը, կատարվածի մասին լրատվամիջոցներին տեղյակ չպահելը, հայցվոր կողմից բնակիչներին առաջարկված  1000  դոլարը եւ այն, որ կազմակերպությունը բնակիչներին ասել է, թե  ԶԼՄ-ներին տեղյակ պահելու դեպքում չեն վերանորոգի շինարարությունից հետո առաջացած թերությունները: 

 


Փաստաբան Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք ունեն փաստեր, հավելելով,  որ լրագրողը  նյութում հիմք է ընդունել նաև   ՀՀԿ 20-ամյակի միջոցառման ժամանակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանի ելույթում հնչած մտահոգությունները:

 


Դատարանը հաջորդ դատական նիստը նշանակեց սույն թվականի ապրիլի 5-ին, որին պատասխանող կողմը հարկ եղած դեպքում կներկայանա ապացույցներով: