կարևոր
4162 դիտում, 1 տարի առաջ - 2023-05-17 14:07
Հասարակություն

ՊԵԿ-ը անտեղյակ է, թե ով է տեղափոխել ահռելի քանությամբ թմրանյութ․ այ քեզ բան, հետաքրքիր է՝ ո՞վ գիտի․ Գագիկ Համբարյան

ՊԵԿ-ը անտեղյակ է, թե ով է տեղափոխել ահռելի քանությամբ թմրանյութ․ այ քեզ բան, հետաքրքիր է՝ ո՞վ գիտի․ Գագիկ Համբարյան

Ցավով պետք է նշեմ, որ այս բացասական լուրը միջազգային հանրության մոտ կարող է այն տպավորությունը ստեղծել, որ Հայաստանը ոչ միայն թմրամոլների որջ է, քանի որ 3 տոննա կոկաինը ահռելի մեծ թիվ է մեր բնակչության և տարածքի չափի համեմատ, դրանից կարելի է հետևություն անել, որ դա այլ երկիր էր տեղափոխվելու։ Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Իտալիայում Էկվադորից Հայաստան ուղարկվող 3 տոննա կոկաինի հայտնաբերման մասին լուրերին։

«Հայաստանը ոչ միայն թմրանյութի ահռելի քանակությամբ օգտագոծող է, այլ նաև տարանցիկ երկիր է հանդիսանում միջազգային նարկոկարտելների համար, որոնք ունեն համապատասխան ճանապարհներ՝ թմրամիջոցները աշխարհով մեկ տարածելու համար։ Եթե նախկինում ադրբեջանական իշխանությունները մեզ մեղադրում էին թմրամիջոցներ վաճառելու մեջ՝ չունենալով որևէ ապացույց, որովհետև դա քարոզչական պատերազմ էր Հայաստանի Հանրապետության նկատմամբ, հիմա շատ լավ կունենան փաստեր, որոնք կրկին կօգտագործվի մեր դեմ։ Սա նաև խոսում է այն մասին, որ իրավապահ համակարգը ՀՀ-ում իր տեղում չի գտնվում, որովհետև իրավապահները նմանատիպ հանցագործություններ բացահայտելու և կանխելու փոխարեն զբաղված են քաղաքական հարցերով, ընդդիմադիրների դեմ քաղաքական գործեր կարելով և այսպիսի հանցագործություններ, ինչպիսիք են 3 տոննա կակաին Հայաստան բերելը բացահայտվում է ոչ թե համատեղ ուժերով, այլ՝ բացահայտվում է իտալական իրավապահ համակարգի կողմից»,- ասաց նա։

Քաղաքագետը նշեց, որ  իր համար շատ զավեշտալի էր ՊԵԿ-ի երեկվա հայտարարությունը․

«78 տոննա բանան է բերվում Հայաստան Իտալիայով և պարզվում է ՊԵԿ-ը չգիտի՝ ով է բանան ներկրողը։ Ես չեմ հասկանում, 2020 թվականի ապրիլին բացահայտվեց, որ Հայաստանից Աֆղանստան է տարվում 40 տոննա ապօրինի ծխախոտ, նույն ՊԵԿ-ը այդ ժամանակ նույնաբովանդակ, անտրամաբանական տեքստ արտաբերեց, որ չգիտեն, թե ով է տանում Աֆղանստան,  այ քեզ բան, հետաքրքիր է բա ո՞վ գիտի։ Պարզվում է՝ ՀՀ ՊԵԿ-ը ոչ միայն չգիտի, թե ով է Հայաստանից 40 տոննա ապօրինի ծխախոտը ՌԴ-ով տեղափոխում Աֆղանստան, ավելին Նիկոլի իշխանությունը լկտիաբար փորձում էին ներկայացնել, որ ծխախոտ արտադրողը նախկիններից է, մինչև Զվարթնոց օդանավակայան  էլ նախկինների տրանսպորտն է տեղափոխել, հասկացանք, իսկ այդ ծխախոտը ո՞ւմ ինքնաթիռով հասավ Կրասնոդար, մինչև հիմա չեն բացահայտում։ Պարզվում է ով ինչ ուզենա Հայաստան կբերի և հետո նոր մենք կիմանանք, թե ով է ներկրողը։ Սա զավեշտ է»,- ասաց Գագիկ Համբարյանը։

Ընդդիմադիր գործիչը ասաց, որ այստեղ բումերանգի էֆեկտն է գործում․

«Ժամանակին Նիկոլը ինչի մասին խոսում և մեղադրում էր նախկիններին, հիմա այդ ամենը ոչ միայն պահպանել է այլ նաև ծաղկեցրել է։ ԱԱԾ-ն չէր արձագանքի, եթե այս ամենը չբացահայտվեր օտարերկրյա մամուլի կողմից, ես չեմ հավատում ԱԱԾ-ին, որ դա մեկ տոննա է եղել։ Իսկ ինչո՞ւ ես չպետք է հավատամ իտալական կամ ռուսական լրատվամիջոցներին, որոնք հենց երեկ էին տարածում այդ լուրը։ Հիշեցնեմ նաև, որ 40 տոննա ապօրինի ծխախոտի տեղափոխման մասին էլի մենք իմացել ենք ռուսական լրատվամիջոցներից, որից 4 օր հետո նոր մեր ԱԱԾ-ն և ՊԵԿ-ը մի զարմաանահրաշ հայտարարոթյուններով էին հանդես եկել։ Զարմանալ բացարձակ պետք չէ»,- նշեց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ ահռելի ծավալով թմրամոլություն է տարածված նաև Գյումրիում․ «Պատերի վրա տելեգրամյան ալիքների հասցեներ անթիվ կան, և եթե իրավապահ համակարգը չի կարող գտնել, թե դրանք ովքեր են, ես էլ կարող եմ ենթադրել, որ իրավապահները համագործակցում են։ Սա «Մեգապոլիս» Մոսկվան չէ կամ Շանհայը՝ 18-30 մլն բնակչությամբ, որ իրավապահ համակարգը դժվարությամբ կարողանա հայտնաբերել թմրամիջոց տարածողներին, սա ՀՀ-ն է, որտեղ բոլորը գիտեն իրար։ Ի՞նչ է նշանակում այս ծավալով թմրամիջոցների տարածումը։ Սա դեռ պաշտոնական դեպքերն են, իսկ ոչ պաշտոնականները ինչքան են։ Հայաստանը ոչ միայն դարձել է տարանցիկ ուղի  տարատեսակ հանցավոր խմբավորումների համար, այլ նաև դարձել է թմրամիջոցներ օգտագործող հասարակություններից մեկը»։

Անդրադառնալով ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, թե միջին վիճակագրական առիթն առանց թմրանյութերի չի անցնում, քաղաքագետը նշեց, որ սա ցույց է տալիս, թե ինչ մակարդակի մարդկանց հետ է ՔՊ-ականը շփվում․

«Իր ասածից ես կարող եմ ենթադրել, որ Աղաջանյանի շրջապատում շատ թմրամոլներ կան, որոնց մասին նա պետք է հայտնի իրավապահներին։ Մենք գիտենք, որ մեր հասարակությունը շոուների սիրահար է։ Շատ խոսվեց թմրամոլության մասին, որոշեցին մի շոու կազմակերպեն ակումբերից մեկում և հասարակությանը ցույց տան, որ իբր թե ակտիվորեն պայքարում են թմրամիջոցների տարածման և կիրառման դեմ»,- ասաց նա։

Լ․Ա․