Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրում է.
«Հայաստանում մոլեգնող կեղծ պրագմատիզմի և խաղաղասիրության համապատկերում՝ թեմայից բացարձակ անտեղյակ մարդիկ շարունակ խոսում են Նեմեսիս գործողության, վերջերս տեղադրված համանուն հուշարձանի և դրա նպատակահարմարության մասին: Այս հարթակում իմ գիտական հոդվածները հաճախ չեմ տեղադրում, սակայն այս դեպքում որոշեցի տեղադրել դեռևս 2015 թ. հրատարակված հոդվածս, որը վերաբերվում է Թուրքիայում Նեմեսիս գործողության և հենց թուրքական դատարանների որոշումներով ոչնչացված թուրք հանցագործների՝ Թալեաթի, Ջեմալի և այլոց, պետականորեն հերոսացմանը և նրանց օրենքով «ազգային նահատակ» կոչման շնորհմանը: Հղումը՝ մեկնաբանության մեջ:
«1926 թ. մայիսի 29-ին Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց օրինագիծ, որը վերնագրված էր՝ «Հայկական հանցագործ կոմիտեների կողմից սպանված կամ էլ տարբեր կերպ հալածանքի ենթարկված պետական գործիչների ընտանիքներին անշարժ գույքի և հողատարածքի տրամադրման վերաբերյալ օրենք»: Օրենքի ընդունման հիմնավորման մեջ բառացիորեն նշված է. «Սա մի քայլ է, որով ազգը իր վշտակցությունն է հայտնում մեծ հույսերին և նպատակներին հետամուտ և այդ ճանապարհին իրենց կյանքը զոհած բարձրաստիճան անձանց ընտանիքներին և զավակներին ու նյութապես զորակցում նրանց»: Օրինագիծը միաձայն քվեարկությամբ ընդունվում է Թուրքիայի խորհրդարանի կողմից, պաշտոնապես հրապարակվում և ուժի մեջ մտնում 1926 թ. հունիսի 27-ին (թիվ 882 օրենք): Այդ որոշման տակ ստորագրել են Թուրքիայի նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը, վարչապետ Իսմեթ Ինոնյուն և բոլոր նախարարները:
Հ.Գ. Իսկ լուսանկարում օսմանյան դատարանի կողմից հազարավոր հայերի սպանդի կազմակերպման համար կախաղան բարձրացված Բողազլըյանի գավառապետ Քեմալ բեյի արձաններից մեկն է կանգնեցված Թուրքիայում և երբևէ որևէ թուրք պաշտոնյա չի խոսել այս և այլ ոճրագործների արձանների կանգնեցման նպատակահարմարության մասին, այն էլ՝ անհիմն ինքնավստահ տոնայնությամբ»: