Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարստություն կուտակելու հետ իշխանության լծակներն ուղիղ կապ ունեն: Հայաստանն ավելի կշահի, եթե հավասար հնարավորություններ ընձեռվեն բոլորին, եւ հարստությունը չկուտակվի որոշ մարդկանց ձեռքում. այսօր «Հայաստանի տնտեսությունը. հայացք դրսից» համաժողովում ասաց Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գիլերմո Տոլոսան։
Նրա խոսքերով` ներկայումս Հայաստանի տնտեսությունն ունի երկու տիպի խնդիր՝ կառուցվածքային, որն առկա էր նաեւ մինչ ճգնաժամը, եւ ինքնըստինքյան առաջացած։
Տոլոսան իր ելույթում անդրադարձավ նաեւ հայկական սփյուռքին, որը, ըստ նրա, կարող է մեծ գործոն լինել հայաստանյան տնտեսության զարգացման գործում, սակայն Սփյուռքի հնարավորությունները լիովին չեն օգտագործվում եւ չեն ծառայեցվում Հայաստանի շահերին:
Քննարկման ժամանակ ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վալերիու Ռազլոգը տեղեկացրեց, որ 2009-2010 թվականներին Համաշխարհային բանկի հետ սոցիոլոգիական հարցում է իրականացվել, որին մասնակցել է 350-ից ավելի գործարար:
Ըստ հետազոտության արդյունքների` Հայաստանի առաջին խնդիրը ստվերային տնտեսությունն է, երկրորդը` երկրի անկայուն քաղաքական վիճակը, երրորդը` հարկային եւ մաքսային վարչարարության եւ օրենսդրական անկատարությունները:
Տնտեսական խնդիրների պատճառների մասին խոսեց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը: Նա նշեց, որ գլխավոր պատճառը օլիգոպոլիկ համակարգն է, որի հիմքը դրվել է 1990-ականներին:
Այստեղ հարց է առաջանում` հնարավո՞ր է առանց վտանգավոր հետեւանքների վերացնել այդ օլիգոպոլիաները: Ըստ Կապինոսի` իրենք որոշակի ծրագրեր իրականացրել են` կառուցվածքային փոփոխություններ կատարելու համար, սակայն դրանց արդյունավետությունը փոքր է եղել, քանի որ հայաստանյան տնտեսությունը կախվածություն ունի տրանսֆերտներից եւ ներկրումից:
«Եվ միայն այն ծրագրերը երկրի տնտեսության համար արդյունավետ կլինեն, որոնց հիմքում կլինեն համակարգայինփոփոխություններ»,- նշեց Ս. Կապինոսը: