կարևոր
1123 դիտում, 2 ժամ առաջ - 2025-09-17 19:52
Տնտեսական

Վրաստանում 1 կգ խաղողը կսուբսիդավորի 568 դրամով, իսկ Հայաստանում՝ 30 դրամով. Գառնիկ Դանիելյան

Վրաստանում 1 կգ խաղողը կսուբսիդավորի 568 դրամով, իսկ Հայաստանում՝ 30 դրամով. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը զուգահեռներ է անցկացրել Հայաստանում և Վրաստանում մթերվող խաղողի 1 կգ-ի համար նախատեսված պետական սուբսիդավորմանը, նշելով.                 

«Վրաստանում կառավարությունը 1 կգ խաղողը կսուբսիդավորի 568 դրամով, իսկ Հայաստանում համարժեք խաղողի համար գյուղացուն կհատկացվի 30 դրամի սուբսիդիա։

Վրաստանի վարչապետը կարևորելով խաղողագործությունն ու գինեգործությունը որպես տնտեսության ճյուղ՝ հայտնել է, որ այս տարվա բերքի՝ շուրջ 200-250 հազար տոննա կազմող խաղողի բերքահավաքի համակարգման շտաբը աշխատում է շուրջօրյա ռեժիմով։

Համեմատության համար նշենք, որ ՀՀ-ում 5000 տոննայից ավելի խաղող մթերողների համար հատկացվում է լրացուցիչ 30 դրամ, 10․000 տոննայից ավելի խաղող մթերողների դեպքում՝ 50 դրամ խաղողի գնի սուբսիդավորում։ Սա այն դեպքում, երբ Վրաստանում անորակ և վնասված խաղողի միայն մթերման արժեքը կազմում է 1 լարի (142 դրամ)։

Բազմիցս անդրադառնալով Հայաստանում խաղողագործության խնդիրներին՝ նշել եմ, որ չկա պետության կողմից մշակված ռազմավարություն տնտեսության այս ճյուղը փրկելու համար։

Վերջին շրջանում արտահանման խնդիրներով պայմանավորված՝ նվազել է կոնյակի արտադրությունը, ինչը, բնականաբար, բացասական ազդեցություն է թողնում խաղողագործության և կոնյակագործության վրա։

Խաղողագործները նշում են նաև, որ շատ հաճախ ընկերությունները նախապես խոստանում են խաղողը մթերել ավելի բարձր գնով, սակայն, պայմանագիր կնքելուն ընդառաջ առաջարկվում է ավելի ցածր գին։ Պատկան մարմիններն այստեղ պետք է ունենան իրենց հստակ անելիքը։

Համեմատության համար նշենք, որ եթե 2007 թվականին, երբ խաղողի ինքնարժեքը 75 դրամ էր, մթերումը իրականացվում էր 150-160 դրամով, այս տարի, երբ ինքնարժեքը կազմում է 110-125 դրամ,մթերումն իրականացվում է 140-150 դրամով։

Այս թվերը լավագույնս ներկայացնում են խաղողագործության ոլորտում տիրող բարձիթողի վիճակը։

Գյուղատնտեսության նախարարությունը փակած իշխանությունը տնտեսվարողների շահերով հետաքրքրվելու փոխարեն զբաղված է եկեղեցու, Արարատ լեռան դեմ արշավով․ «զատո` ասֆալտ ունենք»։

Մի բան ակնհայտ է․ գինու և կոնյակի հետ ասոցացվող երկրում խաղողագործությամբ զբաղվելն այլևս գրավիչ չէ։

Ըստ պաշտոնական տվյալների՝ քաղաքապետարանի դահլիճի նորոգմանը հատկացվել է շուրջ 97 միլիոն դրամ։ Պատկերացնու՞մ եք՝ քանի տոննա խաղող կսուբսիդավորվեր այս և այլ չմսխված գումարներով»: