Փոխարժեքներ
17 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.94 |
EUR | ⚊ | € 453.25 |
RUB | ⚊ | ₽ 4.6143 |
GBP | ⚊ | £ 522.45 |
GEL | ⚊ | ₾ 141.01 |
«Իրական Հայաստանի» քաղաքական կողմը սրբագրելուց, ամեն բան Ադրբեջանի և Թուրքիայի ճաշակին համապատասխանեցնելուց հետո, Փաշինյանի կառավարությունը հիմա էլ անցել է մշակութային հատվածին ու որոշել հստակ ձևակերպումներ տալ, թե ինչ է «իրական Հայաստանի» գեղագիտությունը։
Հատուկ հայեցակարգ են մշակել և սեպտեմբերի 12-ից հանրային քննարկման ներկայացրել «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։Սեպտեմբերի 28-ը վերջնաժամկետն է, մինչ այդ հանրային քվեարկությամբ պետք է որոշվի՝ հայեցակարգն ընդունելի՞ է, թե՝ ոչ, որից հետո այն կներակայցվի կառավարության քննարկմանը։
Այս պահին քաղաքացիների 61 տոկոսը կողմ է քվեարկել, և 39-ը տոկոսը՝ դեմ։ Թե՝ կողմ քվեարկած քաղաքացիները որքանով են հասցրել պատկերացում կազմել հայեցակարգի մասին, այլ հարց է, մինչ այդ հասկանանք, թե ինչ վտանգավոր ուղերձներ է պարունակում «իրական Հայաստանի» գեղագիտության մասին Փաշինյանի կառավարության հայեցակարգը։
Մեծ հաշվով, հայեցակարգում պրիմիտիվ որակումներ են տրվում 2018-ից առաջ եղած գեղագիտական իրականությանը։ Նշվում է, թե Հայաստանում ուրախության ու դրականի հանդեպ երբեմն քամահրական, երբեմն զգուշավոր վերաբերմունք է եղել. տխրությունը դիտվել է իբրև ավելի վերամբարձ, մշակութային միջավայրում գերակշռել է վշտի ու ողբերգության թեման, մշակութային լեզվով խրախուսվել է պատերազմի քաղաքականությունը, հայրենասիրությունը պաթետիկ ռազմատենչություն էր և այլն։
Կարճ ասած՝ հայեցակարգը Փաշինյանի լեքսիկոնի տրամաբանական շարադրանքն է՝ ամեն ինչ «դժբախտ ու դժգույն էր», «սարի ծերին էլ տարվա կեսը ձյուն էր»։ Եվ որպեսզի «դժբախտ ու դժգույն» մշակութային միջավայրը դարձեն գունեղ, որոշել են, որ պետք է բացառեն պատերազմի և վրեժի քարոզը, պետության կողմից ֆինանսավորվող ծրագրերն ուղղվեն տարածաշրջանում համակեցության միջավայրի ձևավորմանն ու խրախուսմանը։
Այլ կերպ ասած, այս հայեցակարգով մշակութային դաշտը՝ թատրոնից մինչև կինոարվեստ, բեմական խոսքից մինչև սյուժետային սցենար, երգի բառեր ու փառատոններ վերահսկվելու են, և արվեստագետին թելադրելու են մտածել ու ստեղծագործել այնպես, ինչպես պատկերացնում է Նիկոլ Փաշինյանը։
Իսկ դրա վառ օրինակը՝ օրեր առաջ աղմուկ հանած դեպքն էր, երբ Փաշինյանը ներկա գտնվելով «Ցանկապատ» բացօթյա ներկայացմանը, ավարտին դերասաններից բացատրություն էր պահանջել, վերջում էլ հորդորել, թե՝ «գնացեք Կիրանց ու տեսեք՝ ոնց է դրվում ցանկապատ և կառուցվում Հայաստան»։
Հերմինե Զեյնալյան