կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-03-09 23:44
Արցախ

Ովքե՞ր են Արցախում դիլետանտության հեղինակները

Ովքե՞ր են Արցախում դիլետանտության հեղինակները

Տխուր վիճակ է ստեղծվել  երկրում. մեր իշխանավորների մեծ մասը հեռու է գրքից.  օրերս հրավիրած մամուլի ասուլիսում այս հայտարարությունն է արել ԼՂՀ գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը:

 

Նա համաձայն չէ այն կարծիքին, որ այսօր ընթերցողներ չկան. այսօր էլ կան ընթերցողներ, բայց քիչ են: Շրջաններում արցախցի ժամանակակից գրողներին չեն ճանաչում, ծանոթ չեն նրանց ստեղծագործություններին: Իսկ այս ամենի մեջ, ըստ նրա, կա նաեւ մտավորականության մեղավորությունը, մտավորականություն, որը «գուցե չի կարողացել գտնվել իր բարձրության վրա»:

 

Գրողների միության նախագահը դադարել է պաշտոնյաներին գիրք նվիրել, իսկ ասուլիսի ժամանակ նաեւ խոսել է հանրապետությունում վարվող կադրային քաղաքականությունից` նշելով, որ «կադրային ոլորտում ամայություն է»: Ըստ Վարդան Հակոբյանի` դիլետանտությունն ամենուրեք չափանիշ է դարձել, ինչը տեսնելը նրա համար շատ ցավալի է:


Հետաքրքիր է՝ ո՞վ է մեղավոր, որ դիլետանտությունն է Ղարաբաղում չափանիշ դարձել, որ բոլոր ոլորտներում համատարած անգրագիտություն է (ինչպես վերջին շրջանում շատ են շեշտում նույն մտավորականները)` Ազգային ժողովում, մամուլի ասուլիսներում:


Սա նշանակում է, որ կրթության ոլորտը կաղում է, նշանակում է, որ դպրոցում նորմալ չեն դասավանդում, հետեւաբար նաեւ ուսումնական մյուս հաստատություններում, համալսարաններում՝ պետական եւ պետհավատարմագրված, որոնցից մեկի ռեկտորն էլ հենց Վարդան Հակոբյանն է: Նշանակում է, որ իր իսկ կողմից  ղեկավարվող համալսարանո՞ւմ է նաեւ դրվում դիլետանտության հիմքը: Նշանակում է, որ մյուս բուհերում է՞լ են նույն «առաքելությունն» իրականացնում: