Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
2010-ին Հ1-ով անոնս ցուցադրվեց` շուտով շաբաթական մեկ անգամ կցուցադրվի «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշընի» կողմից նկարահանված «Kildim» մուլտֆիլմի շարքը: Սակայն որոշ ժամանակ անց սկսեցին գաղտնի պահվել, թե իրականում ովքեր են նախագծի հեղինակները, իսկ Հ1-ի «Տեսանկյուն» հաղորդաշարով մուլտֆիլմի միայն մեկ մասը ցուցադրվեց: Սակայն այսօր «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշընը» հայտարարում է, որ, այո, նախագծի հեղինակը Սահակյանց ընտանիքն է:
Yerkir.am-ի զրուցակիցն է ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը:
- Ինչպե՞ս ծնվեց «KilDim» շարքը սկսելու գաղափարը:
- Տեսնելով, թե ինչ է կատարվում ադրբեջանական քարոզչության կողմից եւ ինչեր են շաղ տալիս մեր հասցեին, որոշեցինք մեր ձեւով պատասխան տալ նրանց: Գաղափարի հեղինակը Ալեքսան Հարությունյանն է, եւ այն ժամանակ հնարավորություն կար անգամ Հանրային հեռուստաընկերությամբ այն ցուցադրելու` շաբաթական մեկ ֆիլմ: Անգամ եթերում անոնս գնաց: Սակայն հասկացանք, որ դրա ֆորմատն այնքան էլ եթերային չէ, եւ համացանցում այն տեղադրեցինք:
- Իսկ ինչո՞ւ էիք թաքցնում, թե ովքեր են նախագծի հեղինակները:
- Երբ անոնսը գնաց Հ1-ով, հենց այդ ժամանակ ես գտնվում էի Մոսկվայում` մասնակցում էի Հումանիտար համագործակցության միջազգային հիմնադրամի տարեկան հանդիպմանը, որտեղ նաեւ ադրբեջանցիներ կային: Վախեցանք, քանի որ ոչ ադեկվատ ազգի հետ մի քիչ դժվար է: Եվ հետո` մենք չէինք ուզում, որ այն քննադատությունը, որը եղավ Ադրբեջանի կողմից, կապվեր Ռոբերտ Սահակյանցի անվան հետ: Ուզում էինք, որ իրենց համար անհայտ մնար հեղինակը, եւ մեկնաբանությունները չունենային հասցեատերեր: Քանի որ եթե ասվեր, կսկսեին համեմատականներ անցկացնել, թե` տեսեք Ռոբերտ Սահակյանցն ի՞նչ գործեր էր նկարում, իսկ նրա հետնորդները` ինչ, ինչի հետ ես համաձայն չեմ, քանի որ «KilDim»-ը պայքարի մի միջոց է` ուղղված ադրբեջակական կեղծ քարոզչության դեմ: Բայց Հայաստանում մեր բոլոր ընկերները եւ նրանք, ովքեր գիտեն, թե ինչ գործով ենք մենք զբաղվում, հասկանում էին, որ մենք ենք դրա հեղինակը:
- Ինչո՞ւ որոշեցիք այսօր արդեն բացել փակագծերը:
- Հասկացանք, որ արդեն անիմաստ է թաքցնել, եւ բացի այդ` եղան մի քանիսը, ովքեր սկսեցին հայտարարել, թե իրենք են հեղինակը: Կարծում եմ` մենք կարեւոր աշխատանք ենք տարել` հակաքարոզչության առումով, եւ շատ ժամանակ ծախսել դրա համար: Մենք, համենայն դեպս, միայն հպարտ ենք դրա համար: Հիմա էլ մի քիչ վախ կա, բայց արդեն պետք է հետեւենք «Յութուբ»-ում օգտատերերի արձագանքներին:
- Հավանորեն հենց նման միջոցներով պետք է հակահարված տանք ոչ ադեկվատ ազգին. կարծես, աշխատում է, չէ՞:
- Այո, ամեն մեկն իր գործով պետք է անի` ինչ կարող է: Մուլտֆիլմը մեր արտահայտվելու միջոցն է, այսինքն` ծաղրանքի միջոցով փորձում ենք եւս մեկ անգամ ցույց տալ ադրբեջանցիների վատ կողմերը, քանի որ այդ տեսանյութերը միայն մենք ու նրանք չենք դիտում: Սակայն, կարծում եմ, որ պետք է միավորենք մեր ուժերը եւ միասին հակահարված տանք, որ ավելի ազդեցիկ կլինի:
- «Kildim»-ը կունենա՞ շարունակություն:
- Շարունակություն սպասվում է: Մենք փորձում ենք օպերատիվ արձագանքել կոնկրետ դեպքերին, երբեմն չենք հասցում, քանի որ միաժամանակ մի քանի նախագծի վրա ենք աշխատում: Այս ամենին գումարած, ի վերջո, նախագիծը ֆինանսներ է պահանջում, մենք 6 մաս արեցինք, որից հինգը կյանքի կոչվեցին ուղղակի մեր էնտուզիազմի հաշվին: Մենք համացանցում կոչ արեցինք, թե անհրաժեշտ է աջակցել, եւ եթե յուրաքանչյուրը օգնի, սա ազգային նախագիծ կդառնա, բայց, ցավոք, լայն արձագանք չունեցավ մեր կոչը:
- Շշուկներ էին պտտվում, որ նախագիծը պետական աջակցությամբ է իրականացվում, նաեւ` վերահսկվում, այսինքն` որոշվում է` արժե՞ դա ցուցադրել, թե՞ ոչ:
- Չկա նման բան: Ոչ մի սերիա չի անցել ինչ-որ ատյանի քննություն, եւ երբեք ու ոչ ոք չի ասել` այն պե՞տք է ցուցադրենք, թե՞ ոչ: Ո'չ հսկվել է, ո'չ էլ ֆինանսավորում ենք ստացել:
Զրուցեց Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ