կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-25 13:19
Իրավական

Հանցագործությունների հեղինակները համակարգի աշխատակիցներ ե՞ն

Հանցագործությունների հեղինակները համակարգի աշխատակիցներ ե՞ն

«Այնպիսի հմտություններ են դրսեւորում, որ ենթադրում ենք նախկին հատուկ ջոկատների, հատուկ խմբավորումների անդամներ են, ինչու չէ` մեր համակարգի կամ մյուս համակարգերի, ովքեր ունեն այդ փորձը: Նրանք աշխատում են բացառել բոլոր այն սխալները, որ հանցագործները թույլ են տալիս դեպքի վայրում»,- այսօր լրագրողներին ասել է ոստիկանապետ Ա. Սարգսյանը և հավելել, որ չի բացառում, որ մի քանի ավազակային հարձակում իրականացրած խմբավորման մեջ ներառված են իրավապահ համակարգի նախկին կամ ներկա աշխատակիցներ:

Նա տեղեկացրել է նաեւ, որ ստեղծվել է օպերատիվ քննչական խումբ, որում ընդգրկվել են համակարգի լավագույն աշխատակիցները: «Ուղղակի ուզում եմ հավատացնել ձեզ, չասեմ հավաստիացնել, որ կարճ ժամանակում այս գործը բացահայտելու ենք: Քանի որ այն հղի է շատ ավելի բարդ եւ վտանգավոր հետեւանքներով, հակառակ դեպքում կունենանք ավելի խայտառակ պատկեր, եւ մեր քաղաքացիներին դժվար կլինի պատասխան տալ: Ունենք որոշակի տվյալներ, որը լուրջ մշակման կարիք ունի»,- ասել է  ոստիկանապետը:

Հիշեցնենք , որ  մի քանի օր առաջ հանցագործների կողմից թալանվել էր ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տունը։ Հանցագործները ծեծի էին ենթարկել նրան, կնոջը եւ դստերը ու զենքի սպառնալիքով հափշտակել գումար, ոսկյա զարդեր եւ  նկարներ։ Նույն ձեռագրով էին հանցագործները գործել նաև Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նախկին ղեկավար պաշտոնյա Աղվան Գևորգյանի տան թալանի և  այս տարվա հունիսին «Լինսի» հիմնադրամի «Ճանապարհային շինարարություն» ծրագրի գրասենյակի նախկին տնօրեն Էդվարդ Բեզիրջյանի տան թալանի ժամանակ: Օրերս գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրահանգով բոլոր գործերը ընդգրկվել են մեկ ընդհանուր քրեական գործում: