Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը թուլանում է, այն սկսում է ավելի վատ աշխատել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքով՝ իշխանության միջոցով արդեն դժվար է անել այն, ինչը կարելի էր անել անցած տարվա գարնանն ու ամռանը:
«Սովորաբար, երբ վերնախավի փոփոխություն է տեղի ունենում, կամ այն հասցվում է ավարտին, եւ վերանախավն ամբողջությամբ փոխվում է, կամ հին վերնախավից մարդիկ են հայտնվում, որոնք պատրաստ են ենթարկվել նոր վերնախավին, ինչը հազվադեպ է տեղի ունենում»,- նշեց նա: Իսկանդարյանը նկատեց, որ հետհեղափոխական երկրում գործընթացների սխեման հասկանալի է՝ նախ գործադիր իշխանություն, ապա տեղական իշխանություն, որից հետո՝ օրենսդրական իշխանություն, դատական իշխանություն եւ ապա՝ մամուլ:
Փորձագետը հավելեց, որ դա այն ուղին է, որով անցնում է վերնախավի հեղափոխական փոփոխությունը, եւ դժվար է պատկերացնել, որ կան մարդիկ, որոնք անկախ են իշխանությունից: «Այլ հարց է՝ ինչ գործիք է օգտագործում վերնախավը հարցերը լուծելու համար: Այդ գործիքը նախկինում հսկայական լեգիտիմությունն էր, եւ խնդիրները լուծվում էին մարդկանց փողոց հանելու միջոցով: Եվ դա իր պտուղներն է տվել խորհրդարանականների դեպքում կիրառելիս, սակայն նույն գործիքի կիրառումը բարդություններ է առաջացրել Սահմանադրական դատարանի անդամների դեպքում»,- հավելեց Իսկանդարյանը:
Քաղաքագետը նշեց, որ հեղափոխությունից հետո նոր վերնախավը որոշակի պատկերացումներ է ձեւավորել, թե ինչպիսին պետք է լինի կառավարման համակարգը:
«Կա նաեւ հասկացողություն, որ պետական ապարատի արդյունավետ աշխատանքի համար մասնագետներ են անհրաժեշտ: Սակայն հենց նրանք են փորձում հակադարձել խնդիրների լուծման միջոցներին, որոնք ընդունում է նոր վերնախավը: Եվ բնական հակասություն է առաջանում: Որոշ ժամանակ դա կարող ենք չտեսնել, սակայն որոշակի պահի այն բռնկվում է, օրինակ, հրաժարականների տեսքով: Դա բնական գործընթաց է»,- եզրափակեց նա: