կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-22 01:52
Քաղաքական

Ծառուկյանին պարտադրել են

Ծառուկյանին պարտադրել են

«Իշխանություններն ավելի տեսանելի են համարում արտահերթ ընտրությունները, շատ ավելի արագ են պատրաստվում դրանց, քան ընդդիմությունը»,- այսօր հայտարարեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը: Կոալիցիոն ուժերի կողմից ստորագրված փաստաթուղթն ու իշխանությունների այսօրվա կեցվածքը, ըստ նրա, հուշում են, որ նրանք այնքան էլ ինքնավստահ չեն իշխանության պահպանման գործում, հակառակ դեպքում կոալիցիոն համաձայնագրի կարիքը չէր լինի:

 

«Գագիկ Ծառուկյանը փորձում էր պահպանել իր ինքնուրույնությունն այնքան ժամանակ, քանի դեռ նրան չէին պարտադրել: Ես համարում եմ, որ դա Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հակասությունների արտահայտումն էր, իսկ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանն ուղղակի խաղաքարտ էին Ռոբերտ Քոչարյանի ձեռքին, որը նա օգտագործեց ըստ անհրաժեշտության: Չմոռանանք, որ ժամանակ առ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը քար էր նետում Սերժ Սարգսյանի բոստանը, ամեն կերպ փորձում էր ընդգծել իր կարեւորությունը, հակված էր թուլացնելու Սերժ Սարգսյանի դիրքերը, որպեսզի կարողանար նորից վերադառնալ ակտիվ քաղաքական դաշտ: Հավանաբար, ի վերջո, Սերժ Սարգսյանի հետ որոշակի փոխհամաձայնության եկան»,- նկատեց ՀԱԿ անդամը` հավելելով, որ այս քայլով ԲՀԿ-ն իրականում կորցրեց իր անկախ քաղաքական գործունեության հնարավորությունը:

 

Համաձայնագրի ստորագրմամբ, ըստ Լյուդմիլա Սարգսյանի, «Բարգավաճ Հայաստանն» իրեն լրիվ կախվածության մեջ է դնում ՀՀԿ-ից, եւ եթե Գագիկ Ծառուկյանը նախկինում հայտարարում էր, որ 50+1 ձայն է հավաքելու, ապա այսօր հասկանալի է, որ նա կստանա այնքան ձայն, որքան կտրամադրվի ՀՀԿ-ի կողմից:

 

«Դրանով Գագիկ Ծառուկյանը զրկվում է ե'ւ նախագահի թեկնածություն առաջադրելուց, ե'ւ ԱԺ-ում մեծամասնություն ունենալու հնարավորությունից»,- հավելեց նա:

 

ՀՀԿ անդամ Լեռնիկ Ալեքսանյանը, բնականաբար, դրական է համարում ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների հստակեցումը, որը բխում էր թե' երկու կուսակցությունների, թե' ժողովրդի շահերից: Ըստ նրա` հուշագիրն իրավական ուժ չունի, եւ Գագիկ Ծառուկյանն ամեն րոպե կարող է դուրս գալ կոալիցիայից: