կարևոր
3070 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-14 17:08
Քաղաքական

Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել․ Արմեն Գրիգորյան

Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել․ Արմեն Գրիգորյան

Արևմուտքը հայկական կողմին որևէ բան չի պարտադրել։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայման վերաբերյալ ռուսական կողմի քննադատությանը ։

«Մեզ որևէ մեկը որևէ բան չի կարող պարտադրել։ Այս համատեքստում՝ Արևմուտքը մեզ որևէ բան չի պարտադրել։ Այդ առաքելության տեղակայումը հայկական կողմի որոշումն է եղել։ Կարող եմ ասել, որ այդ առաքելության ժամանումը փոխկապակցված է նաև մեր փորձի հետ։ Ի՞նչ նկատի ունեմ. 2021 թվականի մայիսին և նոյեմբերին Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում է եղել, լայնածավալ հարձակում է տեղի ունեցել նաև անցած տարի սեպտեմբերին։ Եվ հաշվի առնելով այն փորձը, որ գոյություն ունեցող անվտանգության երաշխիքները չեն աշխատում, Հայաստանը, որոշակի անվտանգության երաշխիքներ ստեղծելու նպատակով, հրավիրել է ԵՄ քաղաքացիական առաքելությանը »,- ասաց Գրիգորյանը, նկատելով, որ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը հավելյալ անվտանգության երաշխիքներ կստեղծի։

ԱԽ քարտուղարը նշեց, որ չի կարող Մոսկվայի տեղը պատասխանել նրանց մտահոգությանը վերաբերող հարցերին։

«Մենք, բնականաբար, մեր ռուս գործընկերների հետ պարբերաբար խոսում ենք բոլոր այն խնդիրների մասին, որոնք գոյություն ունեն, և ներկայացնում ենք հայկական կողմի մոտեցումները, բացատրում ենք, թե ինչի ենք այս քայլերը կատարել»,- նշեց Գրիգորյանը։

Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև, և այդ մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ ներկայում աշխատում են հայկական և ադրբեջանական կողմերը:

Նախ, անդրադառնալով հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի քննարկվող տեքստում մտցվե՞լ է «կառուցողական անորոշություն» եզրույթ, որը թույլ կտա երկու կողմերին ԼՂ խնդրի շուրջ յուրովի մեկնաբանություն ունենալ՝ Գրիգորյանն ասաց, որ այդ մասին առաջին անգամ է լսում: Նա շեշտեց, որ խաղաղության պայմանագիրը նրա մասին է, որ ամեն ինչ հնարավորինս հստակ լինի: Հայկական կողմն աշխատում է այդ հստակության վրա: Հայաստանը կողմ է, որ ստեղծվի երաշխավորի ինստիտուտ՝ հաշվի առնելով գոնե 3 տարվա փորձը:

«Հայաստանը կողմ է, որ միջազգային տեսանելի մեխանիզմի շրջանակում քննարկումներ տեղի ունենան Ստեփանակերտի և Բաքվի միջև: Եվ Հայաստանը շարունակում է աշխատել իր միջազգային գործընկերների հետ, որ այս մեխանիզմը կայանա: Այս մեխանիզմին կարող է անդրադարձ լինել խաղաղության պայմանագրում, որի շուրջ բանակցություններ են ընթանում: Այն կարող է լինել միջազգային այլ կառույցների, կամ այլ ֆորմատով: Դա հստակ չէ, քննարկման առարկա է, պետք է շարունակենք քննարկել՝ հստակեցնելու համար»,-ասաց Գրիգորյանը: