կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-05 20:18
Իրավական

Քրգործ է հարուցվել ՀԿԵ-ում փաստաթղթեր կեղծելու դեպքի կապակցությամբ

Քրգործ է հարուցվել ՀԿԵ-ում փաստաթղթեր կեղծելու դեպքի կապակցությամբ

Yerkir.am-ն իր հրապարակումներում անդրադարձել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունում կատարվող ապօրինություններին, բարձրաձայնել ընկերության ինչպես առանձին պաշտոնատար անձանց, այնպես էլ աշխատակիցների կողմից կատարված խախտումների մասին:

Yerkir.am-ին հայտնի է դարձել, որ ներկայումս ՀՀ քննչական կոմիտեում քննվում է ՀԿԵ-ում մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, պաշտոնական փաստաթղթեր կեղծելու փաստով հարուցված քրեական գործը:

Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահին հասցեագրված` Yerkir.am-ի հարցման՝ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ դեռևս 2016թ. փետրվարի 29-ին «ԱՄ ԳՐՈԻՊ» ՍՊ ընկերության տնօրեն Արմեն Միշայի Մկրտչյանի հաղորդման կապակցությամբ ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԴՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նախապատրաստված նյութերը 2016թ. մարտի 18-ին ուղարկվել են ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության էրեբունու բաժին:

«2016թ. մարտի 25-ին նախապատրաստված նյութերով որոշում է կայացվել քրեական գործ հարուցելը մերժելու մասին՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի(արարքի մեջ հանցակազմի բացակայության) հիմքով: 2016թ. ապրիլի 13-ին վերացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին 25.03.2016թ. որոշումը, նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործը, որն ուղարկվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի վարչության էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու նպատակով։2016թ. հունիսի 22-ին նախաքննությունը շարունակելու նպատակով քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն»,- ասվում է պատասխանում:

Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ հիշյալ քրեական գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված անձ չկա: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: