կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-02-18 22:26
Սպորտ

Հետաքրքիր պարզաբանումներ Հենրիխ Մխիթարյանից

Հետաքրքիր պարզաբանումներ Հենրիխ Մխիթարյանից

Դոնեցկի «Շախտյորի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Спорт-экспресс-ին տված հարցազրույցում մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի արտագնա խաղում «Ռոմայի» նկատմամբ տարած հաղթանակը:


«Մենք գիտեինք, թե ինչ դժվար խնդիր է դրված «Շախտյորի» առջև, մենք ամեն ինչ արեցինք, որպեսզի այն լուծենք: Չեմպիոնների լիգայի այս փուլում հեշտ խաղեր պարզապես չեն կարող լինել: «Ռոմայի» համար սա հնարավորություն էր` վերականգնվելու Իտալիայի առաջնությունում անհաջող ելույթներից հետո: Այդ պատճառով հռոմեացիները շատ ագրեսիվ և լավ տրամադրվածությամբ խաղ ցուցադրեցին»,- ասել է ֆուտբոլիստը:


- Ավելի անսպասելի էր առաջին խաղակեսի արդյունքը` 3:1` հօգուտ «Շախտյորի»:

- Մենք շատ կենտրոնացված էինք, դրա շնորհիվ կարողացանք օգտագործել մրցակցի` պաշտպանությունում թույլ տված համարյա բոլոր սխալները:


-Երկրորդ խաղակեսում «Շախտյորը» գիտակցաբա՞ր թուլացրեց տեմպը և խաղաց հաշիվը պահպանելու համար:

- Իհարկե, ոչ: «Ռոման» կորցնելու ոչինչ չուներ, նա առաջ գնաց, իսկ մենք սկսեցինք ավելի շատ պաշտպանվել` սովորականից շատ: Դրա հետ մեկտեղ մենք շարունակեցինք հակագրոհներ կազմակերպել և երջանիկ պատահականության դեպքում կարող էինք վերականգնել առավելությունը երկու միավորի տարբերությամբ:


- Ձեր պատկերացումները «Ռոմայի» մասին հաստատվեցի՞ն խաղադաշտում:

- Այո,  մենք մոտավորապես այդպիսին էինք պատկերացնում մրցակցին: Այլ խնդիր է, որ այսօր մեր թիմն օբյեկտիվորեն ավելի ուժեղ է, թեև սա դեռ հարյուր տոկոսանոց «Շախտյորը» չէ: Առաջին պաշտոնական հանդիպման ժամանակ դա իմաստ չունի:


- Ամեն դեպքում տպավորիչ է գլուխկոտրուկը, որը թիմի հետ պատահեց երեք-չորս շաբաթ առաջ, երբ Էմիրաթների հավաքին «Շախտյորն» անհաջող կերպով պարտվեց «Ալ Հալիլին» և «Ժիլինային», ընդ որում` նույնիսկ վառ երևակայության դեպքում հնարավոր չէր պատկերացնել, որ այդ թիմերը «Ռոմային» կհաղթեն «Ստադիո Օլիմպիկում»:

- Դա գլուխկոտրուկ չէ, այլ իրադարձությունների բնական ընթացք: Միրչա Լուչեսկուն հրաշալի գիտի, թե ինչպես թիմին նախապատրաստի ամենապատասխանատու խաղերին: Դուք կտեսնեք, երեք շաբաթ անց` մարտի 8-ին, «Ռոման» կգա Դոնեցկ, և մենք ավելի ուժեղ կլինենք:


- Իսկ մարտի վերջին Դուք Հայաստանի հավաքականի կազմում մասնակցելու եք «Եվրո-2012»-ի ընտրական փուլի` Ռուսաստանի հետ խաղին: Արդյո ՞ք այն լինելու է մրցաշարի առանցքային հանդիպումը:

- Այդ խաղը նույնքան կարևոր է, որքան և յուրաքանչյուր այլ հանդիպումը, որում խաղարկվում է երեք միավոր, բայց առանցքային ես այն չեմ կարող անվանել: Մեզ համար հակառակորդի անունը էական չէ: Գարնանը մենք մրցելու ենք Ռուսաստանի հավաքականի հետ սեփական հարկի տակ, բայց կցանկանայինք, որպեսզի այդ հանդիպումը Սլովակիայի հետ կայացած հաղթական խաղին չզիջեր:


- Ռուսաստանի հավաքականի ներկայիս մարզավիճակը, որը թույլ չտվեց նրան հաղթել Իրանի հավաքականին, չի ՞ ստիպում, արդյոք, ավելի լավատեսորեն տրամադրվել այդ մրցամարտին:

- Անհեթեթություն կլիներ դատել հակառակորդի ուժի մասին` ելնելով ընկերական խաղերի արդյունքներից: Մենք չգիտենք, թե ինչ նպատակներ էր հետապնդում Ադվոկատը իրանցիների հետ խաղում: Միանշանակ նա իր առջև նպատակ չէր դրել ամեն գնով հաղթել: Մենք խաղալու ենք սեփական հարկի տակ և կանենք հնարավորը մեր երկրպագուներին ուրախացնելու համար: Կարծում եմ` ռուսների դեմ կխաղանք նույնքան արդյունավետ, որքան` սլովակների:


- Ինչպիսի ՞ առավելություններ ունի Ռուսաստանի հավաքականը: 

- Դա կայացած և փորձառու թիմ է` հեղինակավոր մարզչի գլխավորությամբ: Արշավինը, Պոգրեբնյակը, Պավլյուչենկոն, Բիլյալետդինովը, Ակինֆեևը եվրոպական մակարդակի ֆուտբոլիստներ են: Բայց նման թիմին հաղթելն ավելի հետաքրքիր է:


- Դուք բաց թողեցիք նախորդ մրցաշրջանի ավարտը հիվանդության պատճառով, ինչը բազում ասեկոսեների առիթ դարձավ: Եթե գաղտնիք չէ, իրականում ի՞նչ էր պատահել Ձեզ հետ:

- Ինքս եմ մեղավոր պատահածի համար: Նախորդ ամռանը, երբ դեռ հանդես էի գալիս «Մետալուրգի» կազմում, վիրահատության ենթարկվեցի, քանի որ աճուկի հետ խնդիրներ ունեի: Այնուհետև չդիմացա և վերսկսեցի մարզումներս: Կարի մեջ ինֆեկցիա անցավ և տարածվեց մկաններիս նյարդային վերջույթներում: Բարեբախտաբար, այդ ամենը անցյալում է: Աստիճանաբար վերականգնում եմ օպտիմալ մարզավիճակս: Այժմ միայն մտածում եմ «Ռոմայի» հետ կայանալիք շրջադարձային հանդիպման մասին, իսկ երբ մեկնեմ Հայաստան, կմտածեմ Ռուսաստանի հետ խաղի մասին: Ֆուտբոլում միշտ այդպես է: