Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոչիում հոկտեմբերի 31-ին կայացած եռակողմ՝ Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման արդյունքում ընդունված հայտարարությունը պարզաբանման կարիք ունի։ Այդ հայտարարության տեքստից ոչինչ չի հասկացվում՝ մասնավորապես Արցախի առնչությամբ։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։
«Հայտարարության տեքստում շատ բան չէր էլ կարող լինել։ Անկախ ամեն ինչից, այդ հայտարարությունը հարցեր է առաջացնում, որոնք պարզաբանման կարիք ունեն։ Այս պահին ավելին չեմ կարող ասել, քանի որ ինֆորմացիա չունեմ, քանի որ ՀՀ իշխանություններից պարզաբանումներ ստանալու անհրաժեշտություն կա, վստահ եմ՝ հանդիպում կլինի» ,-նշեց պատգամավորը։
Մոսիյանը խոստովանում է՝ որոշակի ակնկալիքներ կային, որ Սոչիում ինչ-որ քայլեր կնախանշվեն, բայց անկախ դրանից, արցախահայությունը չի դադարելու պայքարել իր ինքնորոշման իրավունքի իրացմանը հասնելու համար։
«Արցախում հոկտեմբերի 30-ին անցկացված հանրահավաքի նպատակը մեկն էր՝ ցույց տալ, որ Արցախի ժողովուրդն իր իրավունքներին տեր է։ Կքննարկվի ԼՂ հարցը՝ մեր ինքնորոշման իրավունքը հարգելով կամ դրա համար հեռանկար թողնելով, ավելի լավ, չի քննարկվի՝ դա դեռ ոչինչ չի նշանակում։ Արցախի ժողովուրդը դուրս էր եկել փողոց՝ ասելու, որ իրենք Արցախի հանրապետության քաղաքացիներն են, և որևէ մեկը չի կարող անտեսել նրանց ինքնորոշման իրավունքը։ Արցախցին վճռական է պայքարելու իր ինքնորոշման իրավունքի համար ու հետքայլ չի անելու, քանի որ դա կնշանակի Արցախի հայաթափում, որն անթույլատրելի է»,-շեշտեց պատգամավորը։
Անդրադառնալով Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի այսօր հնչեցրած հայտարարությանը, որում կարծիք էր հայտնել, թե ԼՂ հարցի կարգավորումն ավելի լավ կլինի թողնել ապագա սերունդներին, ՝մինչև խնդրի արդար լուծման համար երկուստեք ընդունելի տարբերակ կլինի, Արցախի ԱԺ պատգամավորը նշեց.
«Այս իշխանության պայմաններում ցանկացած հարցի քննարկում՝ կլինի Արցախի հետ կապված, թե Հայաստանի, միայն անհաջողություններ ու պարտություններ է բերում, և, եթե կա հնարավորություն՝ որոշ ժամանակով հետաձգել ԼՂ խնդրի կարգավորումը՝ մինչև կգան հարմար ժամանակներ, ինձ թվում է ՝ դա ավելի լավ տարբերակ է»։
Աղբյուր` Փաստինֆո