Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջնորդությամբ բանակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը: Բանակցությունների թեման` Ղարաբաղյան կարգավորումն է: Այս կապակցությամբ «Նեզավիսիմայա գազետան» այսօր գրում է, որ բանակցային գործընթացում կողմերից եւ ոչ մեկը բեկում չի սպասում, ե'ւ Երեւանում, ե'ւ Բաքվում ավելի է հաճախակիացել ռազմատենչ հռետորությունը: «Այնինչ,- գրում է թերթը,- Մոսկվան հակամարտության խաղաղ կարգավորման հույս ունի եւ անգամ պատերազմի եւ դրա հետեւանքների մասին կանխատեսումներ չի անում: Բայց պատերազմի վերսկսման վտանգ կա, եւ վտանգն ահագնանում է»:
Ըստ թերթի, դիտորդներին անհանգստացնում են Բաքվի աննախադեպ ռազմական ծախսերի մեծացումը: Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիրա Ռաուֆօղլու հայտարարության համաձայն, 2011-ին երկրի ռազմական բյուջեն ավելանալու է 90 տոկոսով եւ կազմելու է 3.1 մլրդ դոլար: Ըստ թերթի, եթե հաշվի առնենք, որ այս ծախսերին զուգահեռ 1.36 մլրդ դոլար էլ հատկացվել է պաշտպանական արդյունաբերությանը, ստացվում է, որ ռազմական բյուջեի ընդհանուր ծախսերն անցնում են 4.46 մլրդ դոլարը, կամ` Ադրբեջանի ՀՆԱ-ի` 8,9 տոկոսը:
Թերթի դիտարկմամբ, 2008-ին ռազմական ծախսերին ՀՆԱ-ի ճիշտ այդքան տոկոս էր հատկացրել Վրաստանը` Հարավային Օսիա ռազմական արշավից առաջ:
«Նման ծավալի ռազմական ծախսերը պատերազմի մասշտաբային նախապատրաստման կարեւոր վկայություն են: Եվ դա Ադրբեջանն այլեւս չի թաքցնում»,- եզրակացնում է «Նեզավիսիմայա գազետան»: