Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չեմ կարծում, որ 2010-ն ինչ որ բանով առանձնացավ նախորդ տարիներից, իհարկե, առանձնահատկություններ կան, քանի որ, եթե չլինեն անընդհատ տեղաշարժեր, թատրոնը կմեռնի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Ռուբեն Բաբայանը:
«Եղան նոր ներկայացումներ եւ անցած տարվա ընթացքում մասնակցեցինք բազմաթիվ փառատոնների. «Ամպից պոկված հեքիաթ»-ը մասնակցեց 3 միջազգային փառատոնի, այդ թվում` Մոսկվայի «Ոսկե դիմակ» փառատոնի «Դիմակ +» ծրագրին, որտեղ ընդգրկվում են արտասահմանյան լավագույն ներկայացումները (այս տարի եւս Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացմամբ կմասնակցենք ծրագրին)»,- նշեց պարոն Բաբայանը:
2010թ. եղան նաեւ երիտասարդ դերասանների փորձեր, որոնք եւ հաջող, եւ անհաջող էին, քանի որ, ինչպես նշեց թատրոնի տնօրենը, եթե հնարավորություն չտրվի երիտասարդներին, չենք իմանա` ով ով է եւ, եթե լինի 5 տապալված, 1 հաջողված ներկայացում` կարող ենք ասել, որ տապալված ներկայացումներն արդարացվում են այդ մեկ հաջողվածով:
2011թ. Տիկնիկային թատրոնը հրավիրված է մասնակցելու տարբեր միջազգային փառատոնների, սակայն, ինչպես նշեց թատրոնի տնօրենը, թատրոնն այն վիճակում է, որ ընտրելու հնարավորություն ունի եւ միգուցե շատ միջոցառումների էլ չմասնակցեն: Փառատոններին կմասնակցեն Նարինե Գրիգորյանի «Թռիչք քաղաքի վրայով» եւ «Ամպից պոկված հեքիաթ» ներկայացումները:
Հունվարի 26-ին տեղի կունենա Գ. Գ. Մարկեսի մի պատմվածքի բեմականացված տարբերակի պրեմիերան` «Թեւավորը», 2011-ին կբեմականացվեն նաեւ «Աբո Հասանի մաշիկները», «Շունն ու կատուն», «Ալիսան հրաշքների աշխարհում»...
«Անցյալ տարի թատրոնը դպրոցներում տոմսեր եւ աբոնեմենտ բաժանելու հետ կապված` արգելքի հանդիպեց. յուրաքանչյուր նոր կրթության վարչություն իր գործունեությունը սկսում է դրանից, դե, եկեք, բացատրեք, որ թատրոնը որեւէ կոմերցիոն շահ չունի` մեզ համար բարոյական շահն է առաջնային. լինում են դեպքեր, երբ ծնողները ցանկություն չեն ունենում հասնել տոմսարկղ` արդյունքում տուժում է երեխան»,-ասաց Ռ. Բաբայանը:
Թատրոնը ֆինանսապես չտուժեց դրանից, քանի որ ավելացան տոմսարկղից տոմս գնող հանդիսատեսի քանակը. պարզապես, ավելի քիչ հանդիսատես նայեց ներկայացումները:
«Եթե մենք փորձում ենք ունենալ քաղաքակիրթ հասարակություն, իսկ քաղաքակիրթ հասարակության մեջ բոլորն են շահագրգռված` նույնիսկ ոչ քաղաքակիրթ մարդիկ, որովհետեւ իրենց ոչ քաղաքակիրթ գործունեությունը ավելի հեշտ է ծավալել քաղաքակիրթ միջավայրում. դժվար է գողանալ ինչ-որ բան, եթե 4 կողմդ գողեր են»,-պարզաբանեց Բաբայանը:
Վերջինիս համոզմամբ` հասարակությունն ատամ է, մշակույթը` ատամի մածուկ, եւ ատամի մածուկ չօգտագործելու հետեւանքով կարիեսից բողոքել պետք չէ, քանի որ տիկնիկային թատրոնը թատերական արվեստ մի ձեւ է եւ նախատեսված չէ հատուկ «երեխաների, մեծահասակների, դեռահասների կամ տհասների» համար: Ինչ վերաբերում է ֆինանսական խնդիրներին, ապա Ռ. Բաբայանը հավաստիացրեց, որ իր աշխատավարձը հավասար է որեւէ նախարարության ամենացածր վարձատրվող պետական չինովնիկի աշխատավարձի չափին. «Այնպես չէ, որ կաթսայում ջուրը եռում է, բայց ինչ-որ մի տեղ այն պաղ է մնում»,-ասաց Բաբայանը: