Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Զրուցելով քաղաքացիների հետ պարզ է դառնում, որ ամեն մեկի մոտ մի խնդիր կա, ամեն մեկի խնդիրը ինչ-որ յուրահատկություն ունի։ Այս մասին ՊՆ նախկին շենքի դիմաց «Իրավունքի» հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Մենք այստեղ ենք, որպեսզի մեր քաղաքացիների բողոք արտահայտելու իրավունքը պաշտպանված լինի։ Նրանք իրավունք ունեն բողոք արտահայտելու ու ոստիկանությոնը ոչ թե պետք է խոչընդոտի, այլ պետք է ապահովի մարդու իր բողոքն արտահայտելու սահմանադրական իրավունքը։ Եթե Նիկոլ Փաշինյանին թույլատրվում է Ֆրանսիայի հրապարակում վրան դնել, ապա մյուս քաղաքացիները ևս իրենց բողոքն արտահայտելու համար պետք է վրան դնեն և մնան այնտեղ։ Պետությունը պետք է լուծումներ առաջարկի և քաղաքացիները պետք է կատարեն իրենց ընտրությունը։ Ակնհայտ է, որ որևէ մեկը չի նախընտրում վրանում քնել այլընտրանք ունենալու դեպքում։ Իսկ այլընտրանքը պետք է առաջարկի պետությունը»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ իրենք եկել են այդտեղ որպեսզի քաղաքացիների ձայնը լսելի լինի․
«Կա խնդիր՝ 10-յակ քաղաքացիներ հայտնվել են փողոցում պետության գործունեության ընթացքում։ Այս մարդիկ ՀՀ քաղաքացիության անձնագիր ունեն, խնդիրը Հայաստանի Հանրապետությանն է։ Եթե պետությունը ինչպես Արցախի դեպքում լվանում է ձեռքերը ամեն տեսակ հարցից և իշխանությունն օգտագործում է միայն բարիքների համար, ապա պետք է դրա մասին հայտարարեն, որ ամեն քաղաքացի իմանա, որ ինքը լրիվ մենակ է իր խնդիրների մեջ։ Մարդիկ զրկվել են օթևան ունենալու իրավունքից, այդ հարցը պետք է լուծվի»,- ասաց պատգամավորը։
Նա նշեց, որ մի կողմից Ադրբեջանն է փորձում Հայաստանի քաղաքացիներին զրկել տներից, մյուս կողմից Երևանի փողոցներում ենք նույնը տեսնում։
Հիշեցնենք, որ փետրվարի 16-ի առավոտյան ժամը 8-ի սահմաններում, մի քանի ավտոբուսներով ոստիկաններ էին եկել ՊՆ նախկին շենք, եւ ՊԵԿ գրության հիման վրա՝ ապօրինի ներխուժումը վերացնելու պահանջով, այդ շենքերում ապրող մարդկանց հանել։ 26 անձ էր բերման ենթարկվել՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ ՊՆ նախկին շենքը 2008 թվականից է դադարել ծառայել պաշտպանության նախարարությանը։ Նախորդ տարվա ապրիլին կառավարությունը որոշեց այն ամրացնել Պետական գույքի կառավարման կոմիտեին, որն էլ հետո շենքը տրամադրեց ՊԵԿ–ին։