կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-18 01:39
Քաղաքական

Այս տարի օտարազգի ուսանողներ մեր բուհերում շատ կլինեն

Այս տարի օտարազգի ուսանողներ մեր բուհերում շատ կլինեն
Այսօր տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը խոսել է 2011-ի անելիքների ու գերակա խնդիրների մասին: Աշոտյանը տեղեկացրել է, որ Արմավիրի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերի 70 համայնքների 2.000 երեխաների համար ստեղծվելու են նախադպրոցական ուսումնական հաստատություններ: Այս տարի, նախարարի փոխանցմամբ, ամբողջանալու է ավագ դպրոցների ցանցը. ստեղծվելու են եւս 14-15 ավագ դպրոց: Նրա խոսքով, շարունակվելու է հանրակրթության ոլորտում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը: Ընդլայնվելու է  ինտերնետով ապահովված դպրոցների ցանկը: «Որոշ դպրոցներ, սակայն, աշխարհագրական դիրքի և տեխնոլոգիաների կիրառման անհնարինության պատճառով այս տարի չեն համալրվի ինտերնետով, բայց դա չի նշանակում, որ այս աշխատանքները չեն իրականացվի հետագայում»,- ասել է Աշոտյանը: Շարունակվելու է նաեւ դպրոցները համակարգիչներով համալրելու գործընթացը: Բացի այս` Վայոց Ձորում անապահով ընտանիքների երեխաները կապահովվեն անվճար դասագրքերով ու հագուստով: Ծրագրի համար տրամադրվելու է 120 մլն դրամ: Նախարարի խոսքով, բարձրագույն կրթության ոլորտում կշարունակվի Բոլոնիայի գործընթացը, կներդրվի Որակավորումների ազգային շրջանակը, ինչն էլ թույլ կտա եվրոպականի հետ համադրելի գիտելիքներ ապահովել: 2011-ին Կրթության նախարարությունը նախատեսում է նաեւ օտարազգի ուսանողների թվաքանակի ավելացման ծրագիր: «Կազմակերպվելու է շրջիկ ցուցահանդես, որը կշրջի երկրե-երկիր` Սիրիա, Լիբանան, Վրաստան,Միջին Ասիայի, Մերձավոր Արևելքի երկրներ ու կպատմի  մեր կրթական համակարգի մասին»,- նշեց Աշոտյանը: