կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-16 00:05
Քաղաքական

Հիմա Կարեն Կարապետյանը գողական շրջապատ ո՞ւնի, թե` ոչ

Հիմա Կարեն Կարապետյանը գողական շրջապատ ո՞ւնի, թե` ոչ

ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօրվա մամուլի ասուլիսում ոչ հերքել, ոչ էլ հաստատել է շրջանառվող լուրերը, թե Երեւանի նորանշանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը սերտ կապեր ունի «գողական» աշխարհի հետ: «Ես նման տեղեկություն չունեմ, որ Կարեն Կարապետյանը ինչ-որ քրեական շրջապատ ունի: Գուցե իրենց թաղամասում (Մոնումենտում.- ԵՐԿԻՐ) քրեական մարդի՞կ են ապրում, բայց դա ի՞նչ կապ ունի իր հետ: Ցանկացած թաղամասում էլ կան քրեական հեղինակություններ` 10 անգամ նստած-հելած տղերք, ի վերջո, Հայաստանի քաղաքացի են, մի տեղ պե՞տք է ապրեն: Բերել-կապել դա որեւէ պաշտոնյայի հետ, ճիշտ չէ: Մեր թաղամասում էլ կան, ուրեմն պետք է կապեք ինձ հե՞տ: Կարծում եմ` Կարեն Կարապետյանն այդպիսի շրջապատ չունի»:

 

Ինչ վերաբերում է նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանին, ապա ՀՀԿ փոխնախագահը թեեւ նշեց, որ նա շարունակում է կուսակցության գործադիր մարմնի անդամ լինել, սակայն Բեգլարյանի գտնվելու վայրի մասին տեղեկություն չունի. «Մոտ օրերս կիմանանք ուր է, կասենք»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը: Նաեւ հայտարարեց, որ Բեգլարյանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու միտումներ չի տեսնում ու չի էլ կարծում, թե նա դրանով զբաղվում է: «Դրանք լոկ բամբասանքներ են, ես տեղյակ չեմ նման կուսակցություն ստեղծելուց: Կարծում եմ` եթե իրեն հարցնեն, ինքն էլ կհերքի»: