կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-14 04:39
Հասարակություն

Հունվարի 13-ը Քրիստոսի Անվանակոչության տոնն է

Հունվարի 13-ը Քրիստոսի Անվանակոչության տոնն է

Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնը:

 

Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուսն, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվել եւ անվանակոչվել է, ինչի մասին վկայում է նաեւ Ղուկաս Ավետարանիչը. «Եվ երբ ութ օրերը լրացան, եւ նա թլփատվեց, նրա անունը Հիսուս դրվեց, ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում» (Ղուկ. 2:21):

 

Հիսուս եբրայերեն բառ է, որ նշանակում է Փրկիչ: Հիսուս անվանը զուգահեռ` Փրկչին տրվում է նաեւ Քրիստոս անունը: Այն հունարեն բառ է, որ նշանակում է Օծյալ եւ համապատասխանում է եբրայերենի Մեսիային:

 

Այսօր առավոտյան բոլոր եկեղեցիներում մատուցվեց պատարագ, եւ շատերը մասնակցում էին պատարագին` օրվա խորհուրդը չիմանալով: Գր. Լուսավորիչ եկեղեցին էլ առավոտյան իր զանգերի ղողանջով հրավիրում էր բոլորին սբ. պատարագին մասնակցելու:

 

«Ես գիտեի` միայն կիրակի օրերին են պատարագ մատուցում, բայց հիմա չեմ հասկանում` ինչի համար է այսօրվա պատարագը: Անցնում էի եկեղեցու մոտով` որոշեցի մտնեմ-թեթեւանամ ու մեղքերիս թողություն խնդրեմ»,-ասաց Գր. Լուսավորիչ եկեղեցի այցելած Գայանե Նավասարդյանը: Զրուցեցինք եկեղեցի այցելածներից շատերի հետ, եւ, ցավոք սրտի, ոչ ոք չգիտեր օրվա պատարագի նշանակությունը, ուղղակի մտել էին եկեղեցի:

 

Դժվար է կանխարգելել աղանդների ներթափանցումն այս մի բուռ պետություն, երբ մարդիկ սեփական եկեղեցու տոների օրերն ու նշանակությունն էլ չգիտեն: