Գյուղնախարարի պաշտոնի թեկնածուների ստվար ցուցակ կա
Գյուղատնտեսության նոր նախարարի անունը ՕԵԿ-ը կհայտարարի ոչ շուտ, քան հունվարի 10-ին Սակայն այդ պաշտոնի հավանական թեկնածուների մի ստվար ցուցակ կա «Երեկ կուսակցության ղեկավարն արդեն գնահատական է տվել` տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանի ու արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի աշխատանքը գնահատելով դրական, իսկ գյուղնախարարության մասով նշել, որ ոլորտում չի ապահովվել տնտեսական աճը»,- անդրադառնալով Գերասիմ Ալավերդյանի` պաշտոնից ետ կանչման փաստին, մեզ հետ հեռախոսազրույցում նշեց ՕԵԿ մամուլի խոսնակ Սուսաննա Աբրահամյանը: «Գյուղնախարարի թափուր պաշտոնի համար թեկնածուները շատ են, սակայն մինչեւ հունվարի 10-ը կոնկրետ անուն կուսակցությունը չի հրապարակի»,-նկատեց նա: Հավելենք, որ այս պահին արդեն շրջանառության մեջ է գյուղնախարարի պաշտոնի հավակնորդների մի ցուցակ, որտեղ հիշատակվում են ՕԵԿ-ին անդամակցած Էդիկ Մադաթյանի (Խուճուճ Էդո), ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյան եւ նույնիսկ Քաղծառայության խորհրդի նախագահ, ՀՀԿ-ական Մանվել Բադալյանի անունները: