Թուրքական Zaman թերթը, անդրադառնալով Հայաստանի զինված ուժերին, գրել է. «Չնայած Հայաստանի բնակչության փոքրաթիվ լինելուն` նրա զինված ուժերը (ԶՈՒ) համարվում են Կովկասի ամենաարհեստավարժ, ամենալավ ուսուցված եւ ամենաշարժունակ ուժը: Մի շարք ռազմական հետազոտական կենտրոններ գտնում են, որ Հայաստանի բանակը կովկասյան 3 երկրների (մյուս երկուսն Ադրբեջանն ու Վրաստանն են) բանակներից ամենամարտունակն է: Դժվար է ասել, թե որքանո՞վ են ճիշտ կամ սխալ այդ կարծիքները, սակայն մի բան միանշանակ է, որ հայկական բանակն անցյալում հաղթել է Ադրբեջանին եւ «Ռուսաստանի օգնությամբ օկուպացրել Ադրբեջանի տարածքի 20-ը», եւ ցայժմ ոչ ոք չի կարողանում վիճարկել ստեղծված այդ կարգավիճակը: Չնայած դրան` հայկական բանակը ոչ միայն չի դոփում տեղում, այլեւ ծրագրվում է այն առավել հզորացնել: Բացի այդ, սպասվում է, որ այս շաբաթ ընդունվելու է ԶՈՒ արդիականացման նոր հնգամյան պլանը: Վերջինս հաստատված է թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, թե ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կողմից: Այն ամբողջականորեն ստացել է «2011-2015թթ. ԶՈՒ-ի զարգացման եւ ռազմական տեխնիկայի գնման պետական պլանե անվանումը: Անհայտ է, թե այդ ծրագրում ինչ է գրված. ԶՈՒ-ի արդիականացումը շաղկապված է հայ-ադրբեջանական հակամարտության հետ: Հենց այդ մասին են վկայում ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի այն խոսքերը, թե մոտակա 15 օրվա ընթացքում Հայաստանը ստանալու է հեռահար գործողության ռազմական տեխնիկա: Չպետք է մոռանալ, որ այսօր Հայաստանի ձեռքում են գտնվում հակառակորդից խլված մի շարք զինատեսակներ: Օրինակ, ռուսական արտադրության Scud հրթիռները: Գուցե, դրանցից բացի, այլ բաներ էլ կան, դա անհայտ է: Հայտնի է, որ Ռուսաստանը ՀՀ-ին ժամանակակից զենք է հատկացրել: Հնարավոր է, որ հենց այդ շրջանակում էլ ՌԴ-ն Հայաստանին հատկացնի հեռահար գործողության հրթիռներ: Երկու երկրների միջեւ օգոստոսին ստորագրված ռազմական համագործակցության ու պաշտպանության համաձայնագրով ՌԴ-ն իր ռազմական ներկայությունը շարունակելու է ՀՀ-ում պահպանել եւս 25 տարի: Դրանով Ռուսաստանը պարտավորվել է ՀՀ-ին հատկացնել ժամանակակից զինատեսակներ: Ավելին, Ռուսաստանը նույն պայմանագրով Հայաստանին խոստացել է օգնել տեղական արտադրության պաշտպանական զինատեսակների արտադրման հարցում: Ըստ Zaman-ի` այս ամենը վկայում է այն մասին, որ Հայաստանը գտնվում է իր ԶՈՒ-ի արդիականացման ճանապարհին: «Կարճ ասած` ժամանակակից զինատեսակներ է ձեռք բերում, շարունակվում է սպառազինվել: Ցանկալի է, թե ոչ, բայց պետք է գնահատական տալ եւ անպայմանորեն ուշադրություն դարձնել այդ հանգամանքի վրա: Դա, մասնավորապես, վերաբերում է Օհանյանի շեշտած երկար հեռահարություն ունեցող զինատեսակներին: ՀՀ-ն շարունակ պարզապես խոսում է Կովկասում խաղաղության մասին, մինչդեռ իրականում սպառազինվելու նոր պլան է առաջ քաշել»,-գրել է թերթը: