կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-15 05:00
Տնտեսական

Թեղուտի թիկունքում իշխանությունների կոռումպացվածությունն է

Թեղուտի թիկունքում իշխանությունների կոռումպացվածությունն է
«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար արդեն ներդրվել է 50 մլն դոլար»,-ասել է «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության գործադիր տնօրենը հանքավայրի շահագործման ծրագրի բնապահպանական անվտանգությանը նվիրված այսօրվա քննարկումների ժամանակ: Ըստ նրա, այս պահին հանքարդյունաբերական բոլոր  ընկերությունները Հայաստանում տարեկան կտրվածքով ավելի քիչ պղինձ են արտադրում, քան կարտադրի Թեղուտի հանքավայրը արդյունահանման առաջին տարում: Գագիկ Արզումանյանը փորձել է փարատել հանքավայրի շահագործման շուրջ առաջացած տագնապները` բնապահպանական աղետ չի լինի` հատվելու է 357 հեկտար անտառ, վերականգնվելու է կրկնակին: Բնապահպանները հակադարձում են` խնդիրն այն չէ, թե ինչքան գումար է ներդրվելու, կամ քանի հեկտար անտառ է վերականգնվելու: «Հայաստանը նման հանք շահագործելու կարիքն այսօր չունի»,-ասում է Երկրաբնական գիտությունների թեկնածու Լեւոն Բարսեղյանը: Նրա համոզմամբ, Թեղուտի հանքավայրի շահագործումն ընդամենը կոռուպցիայի դրսեւորում է` ոմանք փող են վերցրել եւ հանքը տվել են մասնավոր ընկերության: «Ամբողջ խայտառակության մեղքը ՀՀ կառավարությանն է»,-ասում  պրն Բարսեղյանը: Բնապահպան Ավետիք Իշխանյանը, որը ԽՍՀՄ տարիներին  մասնակցել է Թեղուտի բնական պաշարների հաշվարկմանը, ասում . «Սխալ էր Թեղուտը մասնավոր ընկերությանը հանձնելը: Մասնավոր ձեռնարկությունը մտածում է միայն շահույթ հետապնդելու մասին»: Գագիկ Արզումանյանի նոր ծառեր տնկելու խոստումներին պարոն Իշխանյանը չի հավատում` ո՞վ է տերը, ո՞վ է հիշելու: Երկրաբանը, որ նաեւ իրավապաշտպան է, ուզում է հասկանալ` ինչու՞ են անպայման ուզում հանքը շահագործել բաց եղանակով: Եվ պատասխանում է` հեշտ է եւ քիչ ծախսատար: Բնապահպանության նախկին նախարար կարինե Դանիելյանին սարսափեցնւմ անտառներում բաց հանք շահագործելու նախադեպի ստեղծումը: «Նշանակում է, ամբողջ Հայաստանը կարող է դառնալ բաց հանք, քանի որ մեր ընդերքը հարուստ է տարբեր տեսակի մետաղներով, ընդհուպ` ուրանով»,-ասում է բնապահպանը: Տիկին Դանիելյանն առաջարկում  հեռուն նայել, չընկնել փողի ետեւից: «Եվրամիություն ենք ուզում մտնել, ուզում ենք մեղր արտահանել: Ո՞վ կընդունի: Աղտոտվածությունն այն աստիճանի է, որ մեր մթերքն արդեն թույն է»,-հռչակում  Կարինե Դանիելյանը: