ՀՅԴ-ին համախմբողը, միավորողը հայրենիքի և ազգի գաղափարն է, միավորվել ենք հանուն մեր ժողովրդի՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ «Կամավորական շարժում» հկ խորհրդի նախագահ, ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ կամավորների առջև ելույթում։
«Մենք միշտ խոսել ենք ազգ-բանակի, համաժողովրդական բանակի, պահեստազորը կազմակերպելու, պատրաստ լինելու մասին։ Ցավոք, մեր կոչերը շատ ուշ են արձագանք գտել, հազիվ կարողացել ենք մե՛նք պատրաստվել։ Բայց պատրա՛ստ ենք։ Պատրա՛ստ ենք և սպասում ենք հրամանի, պատրա՛ստ ենք և ասում ենք՝ ոչ մի քաղաքական հարց, ոչ մի քաղաքական տարաձայնություն չի կարող այսօր մեր միասնականության մեջ որևէ կեղտ իջեցնել»,-հայտարարեց Հրանտ Մարգարյանը։
Նա նշեց, որ ազգովի դեպի ճակատ պետք է գնալ, դեմ դուրս գալ և ուժը դեմ տալ թշնամու հարվածներին։
«Մենք պետք է հաղթենք այս պատերազմում և այս պատերազմի հաղթանակը պետք է նվիրենք մեր եկող սերունդներին։ Գերխնդիրը թշնամին է, որին պետք է ծունկի բերել, այս պահին չունենք այլ գերխնդիր, կգա օրը, նորեն կհավաքվենք, նորեն կքննարկենք խնդիրները, բայց այսօր ունենք մեկ խնդիր՝ թշնամին ծնկի բերելու և դրան պետք է պատրաստ լինենք»,-հայտարարեց ՀՅԴ «Կամավորական շարժում» հկ խորհրդի նախագահը։
Հրանտ Մարգարյանը հայտարարեց, որ իբրև Գևորգ Չավուշի, Սերոբ Աղբյուրի, Արամ Մանուկյանի, Վարդան Դուշմանի, Թաթուլ Կրպեյանի ժառանգորդներ, ՀՅԴ-ն պետք է լինի առաջամարտիկը և գնա առջևից։
«Պետք է գնանք առջևից՝ մեզ հետ տանելով ժողովուրդն ու ազգը։ Մենք պետք է կարողանանք սովորեցնել, որ հայրենասիրությունը գործունեություն է, որ պետք է կատարվի, ոչ թե խոսք է։ Եվ այդ գործի ապացույցը պետք է լինենք մենք բոլորս»,-ասաց նա ծափերի ուղեկցությամբ։
Մանրամասն՝ տեսանյութում․