կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-11-20 18:43
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից բխում է ոչ միայն հայ ժողովրդի, այլև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի շահերից. Ս. Ֆարմանյան

Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից բխում է ոչ միայն հայ ժողովրդի, այլև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի շահերից. Ս. Ֆարմանյան

Նիկոլ Փաշինյանի հեռացումն իշխանությունից բխում է ոչ միայն հայ ժողովրդի, այլև Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի շահերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը։

«Ահա, թե ինչու:

Ղարաբաղի խնդրին լրջությամբ տիրապետողները շատ լավ գիտեն, որ Փաշինյանի ստորագրած «Ամոթալի դաշնագրով» Ղարաբաղի հարցն իրականում չի լուծվել: Անգամ աննախադեպ նվաստացուցիչ ու միակողմանի զիջումների արդյունքում մեզ համար կենսական այս հարցը լուծված չէ, իսկ խաղաղությունը տարածաշրջանում մնում է երկարաժամկետ առումով չերաշխավորված:

Դատողություն ունեցողների համար ակնհայտ է, որ միայն արժանապատիվ, հակամարտության կողմերի հնարավորինս համաչափ ու փոխադարձ զիջումների վրա խարսխված, բալանսավորված «Խաղաղության Պայմանագիրը» (որն առաջիկայում պետք է դեռ բանակցել և ստորագրել), կարող է երաշխավորել արցախյան հարցի վերջնական քաղաքական կարգավորումը, ինչը իրական խաղաղություն ու կայունություն կբերի մեր տարածաշրջանին` հանդարտեցնելով հակամարտող ժողովուրդներին և զարգացման, բարեկեցության ու համագործակցության պատուհան բացելով այդ ժողովուրդների համար: Աչքի նման պարզ է, որ կողմերից մեկի կապիտուլյացիան ոչ միայն չի կարող ինքնին խաղաղ կարգավորում լինել, այլև կծառայի իբրև հետաձգված հերթական արյունալի պատերազմի անխուսափելի սնուցարան:

Րոպե անգամ չեմ կասկածում, որ այս պարզ հանգամանքը ամենալավը հասկանում են հենց նույն միջնորդ երկրները` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Ուստի, որքան էլ տարօրինակ թվա, Նիկոլ Փաշինյանի` իշխանությունից հեռացումը ոչ միայն հայ ժողովրդի, այլ նույնքան համանախագահ-միջնորդ երկրների շահերից է բխում, քանի որ նրա հեռացումն այն անքննելի ու բնական նախապայմանն է, որը հայկական կողմին` բանակցողների նոր թիմին, հնարավորություն կտա խաղաղ եղանակով, բանակցային ճանապարհով հասնել բալանսավորված «Խաղաղության պայմանագրի» ստորագրման և հարցի վերջնական լուծման, գերնպատակ, որի ուղղությամբ այդ երկրները տասնամյակներ շարունակ ահռելի քաղաքական ռեսուրս են ծախսել և երախտագիտության արժանի մեծ ջանքեր գործադրել:

Կասկած չունեմ, որ այս ակնհայտ իրողությունը քայլ առ քայլ տեսանելի կդառնա բոլորի համար»,- գրել է Ֆարմանյանը։