Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոց: Վարչապետը շրջայց է կատարել ամրոցով, ծանոթացել նրա պատմությանը: Հովիկ Աբրահամյանը և Մաքսիմ Սոկոլովը ներկա են գտնվել կեսօրի ավանդական համազարկին, որի արձակման պատիվը տրվել է Հովիկ Աբրահամյանին: ՀՀ կառավարության ղեկավարը նաև գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, ներկա գտնվել զինվորական շքերթին:
Այնուհետև վարչապետ Աբրահամյանն այցելել է Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգի՝ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ երգահանի հիշատակին: Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում Կոմիտասի հուշարձանի բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: 3,3 մետր բարձրությամբ և 1,7 մետր պատվանդանով Կոմիտասի գրանիտե հուշարձանի հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դոցենտ Լևոն Բեյբությանն է, ճարտարապետը՝ Մաքսիմ Աթայանցը:
Հովիկ Աբրահամյանն այցելել է նաև Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա իր խոսքում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տնտեսական իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, պատասխանել է մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցերի: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Սանկտ Պետերբուրգի մեր հայրենակիցներն իրենց ծավալած հասարակական, տնտեսական, մշակութային գործունեությամբ բարձր են պահում հայ ազգի հեղինակությունը և մեծ ներդրում ունեն Ռուսաստանի զարգացման գործում: