ՀԲ նախագահը կոչ է անում միջազգային դրամական նոր համակարգ ստեղծել
Աշխարհի առաջատար տնտեսությունները պետք է քննարկեն իրենց դրամական միավորների հիմքում նոր` փոփոխված ոսկու ստանդարտ ներդնելու հարցը, որպեսզի ղեկավարեն փոխարժեքային փոփոխությունները:
Բրիտանական The Financial Times թերթում գրած հոդվածում նման տեսակետ է հայտնել Համաշխարհային բանկի նախագահ Ռոբերտ Զելիկը՝ այս շաբաթ Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալիք Մեծ քսանյակի գագաթաժողովից առաջ:
Ըստ Զելիկի` ներկայում անհրաժեշտ է փոխարժեքները կարգավորող նոր համակարգ, որը կփոխարինի, ինչպես ինքն է կոչում, «Բրետոն Վուդս II» համակարգին, որը գործում է 1971-ից ի վեր, երբ փոխարժեքների կարգավորման բրետոնվուդսյան համակարգը քանդվեց (և համաշխարհային արժույթները ոսկու փոխարեն կապվեցին ԱՄՆ դոլարին):
Զելիկը կոչ է անում ներդնել մի համակարգ, որի հիմքում կլինեն մի քանի արժույթներ` ամերիկյան դոլարը, եվրոն, ճապոնական յենը, անգլիական ֆունտը և չինական յուանը: Ըստ ՀԲ նախագահի` նոր համակարգը նաև պետք է ոսկին դիտարկի որպես կողմնորոշիչ միջազգային շուկաներում սղաճի, դեֆլյացիայի և արժույթների արժեքի սպասումներում:
Զելիկի հայացքները, ըստ Financial Times-ի, արտահայտում են միջազգային դրամական համակարգի ընդհանուր անհանգստությունը, որտեղ յուանի փոխարժեքը ցածր պահելու համար Չինաստանը պարբերաբար ինտերվենցիաներ է կատարում` արժանանալով ԱՄՆ-ի և այլ երկրների քննադատությանը: