կարևոր
337 դիտում, 17 րոպե առաջ - 2026-11-19 22:59
Աշխարհ

Մերցի շուրթերով բարբառում է հենց Գերմանիայի մասնատման ենթագիտակցական վախը. վերլուծաբան

Մերցի շուրթերով բարբառում է հենց Գերմանիայի մասնատման ենթագիտակցական վախը. վերլուծաբան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ բադալյանը գրում է.

«Գերմանիայի կանցլեր Մերցը հայտարարել է, որ Յալթայի կոնֆերանսում Եվրոպան մասնատել են, եւ իրենք թույլ չեն տա, որ Եվրոպան մասնատվի կրկին։

Գերմանիայի կանցլերի հայտարարությունը խիստ հատկանշական է եւ նաեւ ենթատեքստային։ Ի՞նչ է նշանակում, թե Յալթայում Եվրոպան մասնատել են։ Ի՞նչն են մասնատել, ըստ էության՝ Գերմանիայից բացի։ Այո, Եվրոպան ենթարկել են բաժանարար գոտիների՝ ԱՄՆ ու ԽՍՀՄ միջեւ, բայց բուն մասնատման իմաստով՝ մասնատել են միայն Գերմանիան։

Ահա այդ իմաստով, Մերցի շուրթերով բարբառում է հենց Գերմանիայի մասնատման ենթագիտակցական վախը։ Իսկ այստեղ «նոր Յալթան» իհարկե կապ չունի, կամ կապ ունի այնքանով, որքանով Գերմանիան ինքը կարող է կիսվել, եթե նույն Մերցը եւ այն լիբերալ-գլոբալիստական թեւը, որի ըստ էության կատարածու է Մերցը այսօր, որոշեն ամեն գնով չեզոքացնել Այլընտրանք Գերմանիայի համար կուսակցության առաջընթացը եւ իշխանության հեռանկարը։

Հարցն այն է, որ այդ կուսակցությունը առավել մեծ, ճնշող հեղինակություն ունի հենց Գերմանիայի արեւելյան հատվածում կամ նախկին ԳԴՀ հատվածում, ինչը ունի որոշակի սոցիալ-հոգեբանական եւ մտածողական-մշակութային խորը պատճառներ։ Եթե որոշվի Գերմանիայում կտրուկ արգելել ավելի ու ավելի պոպուլյար դարձող այդ կուսակցության առաջընթացը, ապա հենց սա կարող է բերել Գերմանիայի դե ֆակտո մասնատման։ Իսկ այդ պարագայում իհարկե կասկած չկա, որ «նոր Յալթայի» եռյակը կընդառաջի դրան ֆորմալ տեսք տալու հարցում։

Մերցը անշուշտ լավ է պատկերացնում դա, եւ հենց այդ պատճառով է, որ նա խոսում է Գերմանիայի մասնատում թույլ չտալու մասին, պարզապես քաղաքական նպատակահարմարությունից կամ քարոզչական նպատակահարմարությունից ելնելով ձեռնպահ մնալով օգտագործել բուն Գերմանիա ձեւակերպումը եւ տարածելով խոսքը Եվրոպայի վրա»։ 

Ավելի վաղ Մերցը հայտարարել էր, որ առանց Ուկրաինայի և Եվրոպայի մասնակցության խաղաղության բանակցությունները հաջողություն չեն ունենա։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ Ռուսաստանը ԵՄ ներկայացուցիչներին հրավիրել է Մոսկվա։

Հիշեցնենեք՝ նոյեմբերի 19-ին Չինաստանի Շենժեն քաղաքում կայացել է Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովը։
Համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ռուսաստանի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների եռակողմ հանդիպումը։