| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Միացյալ Նահանգների ազգային հետազոտության խորհրդի հրապարակած առաջիկա քսան տարվա կանխատեսումները բովանդակող զեկուցումը հայկական կողմի համար առանձնանում է՛ Թուրքիայի մասնատման վերաբերյալ կատարվող վերլուծությամբ և եզրակացությամբ: Նշելու համար, թե առնչված ի՛նչ այլ կետեր է բովանդակում զեկույցը, արագ ակնարկով պետք է արձանագրել քրդական գործոնի գերաշխուժացումը, Քրդստանի ստեղծումը և թուրքական պետության ազդեցության աճը` միջազգային հարցերի վրա:
Բնական է, որ իրատեսական պատճառներ չկան խանդավառությամբ ընկալելու համար նման զեկուցման Թուրքիային վերաբերող բաժինը: 
Մեծ  Քրդստանի մտավախությունը ակներև է Անկարայի կատարած յուրաքանչյուր  քայլում: Ճիշտ է, որ Թուրքիան կազմող ազգաբնակչությունները այսօր  բացահայտորեն այլևս ունեն ինքնության խնդիր: Քրդերից սկսած, անցնելով դեպի  ալավիները, ասորիները, հայերը, հույները, զազաներն ու ղըզըլպաշները  (հիշելու համար հիմնականները) իրենց արտահայտություններով, շարժումներով,  իրավունքների պահանջներով հետզհետե սկսել են հստակ տարբերություն ցույց տալ  Թուրքիայի քաղաքացիների և ազգությամբ թուրքերի միջև: Ինքնության խնդիրն ու  մանավանդ խտրականությունն ու իրավազրկումը մասնատման ուղղությամբ մնայուն  պայթունավտանգ ենթահող պատրաստ վիճակում պահելու են ծառայում: Թեև  խնդիրները տարբեր են, իրավազրկման տարողությունները` ևս, այսուհանդերձ  քեմալական աշխարհիկության, իշխանության կրոնականության, և զինվորականության  իրողականության իրար հակասող երևույթների միջև Թուրքիան իրոք կարող է  մասնատման վտանգ դիմագրավել:
Դիպաշարին հետևողը կհամոզվի ու  կվերահամոզվի, որ Թուրքիայի  դիմակայած համար մեկ խնդիրը այսօր քրդական  հարցն է: Սիրիայի իրադարձությունների նկատմամբ Անկարայի մոտեցումները,  պահանջները, հայտարարություններն ու կատարած զինվորաքաղաքական քայլերը  հիմնականում ուղղակի, թե անուղղակի առնչվում են քրդական վտանգը  հնարավորության սահմաններում հեռացնելու քաղաքականությանը: Սահմանների  տարածքում զինվորական ուժի կուտակումը, հրթիռների տեղակայումը և մանավանդ  անվտանգության գոտի ձևավորելու հետևողական քայլերը Դամասկոսի դեմ  պատերազմելուց ավելի Իրաքի, Թուրքիայի և Սիրիայի քրդերի միացումով մեծ  Քրդստանի ծրագրի տապալման միտում ունեն:
Հայտնաբար Թուրքիայի  տարածքում ապրող ալավի ազգաբնակչությունը պահպանում է իր  կրավորականությունը, մերժելով վերածվել քաղաքական գործոնի: Դամասկոսին  փաստորեն չի հաջողվում ալավի զանգվածը Տրովադայիի ձիու վերածել: Մինչդեռ,  Անկարան նման շահարկումներ է կատարում սունի զանգվածների և հիմա էլ Սիրիայի  տարածքում ապրող թուրքմեն ազգաբնակչության նկատմամբ (նկատի ունենալ`  նախագահ Գյուլի հայտարարությունը Սիրիայում ապրող թուրքմենների  դերակատարության մասին): Թուրքիայի Հանրապետության օրվա առիթով  կազմակերպված բողոքի գործողություններին ալավի համայնքի որոշ շրջանակներ  կրավորականությունից  դուրս գալու առայժմ շարունակություն չունեցած փորձ  կատարեցին. դրանք արժանացան իշխանությունների բիրտ հակազդեցությանը:
Վերադառնանք  զեկուցման բովանդակությանը, այնտեղ տեսնելու համար դիտարժան երկու  հանգամանք:  Զեկուցումը, եթե որևէ վերլուծական կենտրոնի ստորագրությունը  կրեր պիտի փորձեինք տեսնել նրա հետևում կանգնած քաղաքական ուժ կամ ինչ որ  պետության  ձեռագիր՝ համապատասխան եզրակացություն կատարելու համար: Այս  դեպքում, ուղղակի Միացյալ Նահանգների ազգային հետազոտության կենտրոնի  պաշտոնական զեկուցման մասին է խոսքը, ինչը որ ցուցանշային որոշ իմաստ ունի:
Երկրորդ,  այս զեկույցի հրապարակմամբ Վաշինգտոնը հստակ ուղերձ է փոխանցում  Անկարային: Նման կանխատեսումներ, վերլուծումներ, մանավանդ պատկան  համապատասխան ծառայությունների կողմից ունենում են կա՛մ փակ ու  խորհրդապահական կամ էլ բաց ու հրապարակային բնույթ: Երկրորդ տարբերակները  ունենում են քարոզչական բնույթ և ուղերձ ու պատգամ փոխանցող միտում: 
Միացյալ  Նահանգները պաշտոնապես առաջին անգամ չէ, որ Թուրքիայի մասնատման մասին  ուղերձներ է փոխանցում: Թուրքիայի մասնատման հնարավորության մասին որևէ  հրապարկման ընթացքում, հայկական կողմը պետք է մտաբերի հայերին սևծովյան ելք  խոստացող Վաշինգտոնի ներկայացուցչի կատարած վերհիշեցումը, որը մինչ այժմ  չի հերքվել:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր