|
Փոխարժեքներ
19 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.41 |
| EUR | ⚊ | € 395.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.3806 |
| GBP | ⚊ | £ 474.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.94 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին օրերին փաշինյանական իշխանության «կարկառունները» վերստին սևեռվել են Հայ առաքելական եկեղեցու և Ամենայն հայոց կաթողիկոսի վրա: Առաջին հայացքից, կարծես, ոչ մի նոր բան չկա: Քպական «կարկառունները», այսպես ասենք, հերթական անգամ «փայլատակեցին» իրենց մտավոր և հոգեբարոյական «հատակով»: Իհարկե, նախընթաց դրսևորումները հաշվի առնելով՝ հազիվ թե կարելի էր այլ բան ակնկալել «ծոցագրպանաբանանային» և «տիկտոկերային» օրակարգերով իշխանություն պահողներից:
Տեսեք, թե ինչ է կատարվում վերջին տարիներին։ Մեզ հետևողականորեն «սովորեցնում են» մոռանալ։ Մոռանալ Արևմտյան Հայաստանը, մոռանալ Արցախը, մոռանալ Հայրենիքի համար զոհվածներին, մոռանալ հերոսական ու հաղթական էջերը, հրաժարվել Արարատից, վերանայել Հայոց ցեղասպանության իրողությունը՝ հանուն հարևանների «բարի կամքի» կամ «քաղցր աչքի»։
Բայց, արի ու տես, որ «գետնի վրա» Փաշինյանի իշխանությունը բախվում է մի պատի, ավելի ճիշտ՝ ապառաժի, որը հնարավոր չէ քանդել ո՛չ ոստիկանական մահակներով, ո՛չ ռեպրեսիաներով, ո՛չ բանսարկություններով: Այդ ապառաժը Հայ առաքելական եկեղեցին է։ Ինչպե՞ս կարող է Եկեղեցին հրաժարվել Արևմտյան Հայաստանից կամ Արցախից, երբ նրա պահած-պահպանած յուրաքանչյուր մագաղաթը շաղախված ու ներծծված է հայրենի այդ պատմական հիշողությամբ: Կամ ինչպե՞ս կարող է Մայր Աթոռը կուլ տալ Ցեղասպանության ուրացման փորձերը, երբ 2015-ին սրբադասել է մեր մեկուկես միլիոն նահատակներին։ Սրբադասված նահատակների հիշատակը հնարավոր չէ «դելիմիտացնել» կամ զիջել խաղաղության կեղծ օրակարգի դիմաց։
Ինչի՞ մասին է խոսքը, երբ պետության ղեկավարը փորձում է կոտրել ազգի ամենավստահելի, ամենաերկարակյաց և ազգային ինքնության, ազգային նույնականացման առանցքը կազմող ինստիտուտի ողնաշարը։
Հայ առաքելական եկեղեցին հզոր ազգային կառույց է, որը միավորում է աշխարհասփյուռ հայությանը և վայելում է ժողովրդի բացարձակ վստահությունը։ Եվ քանի դեռ այդ կառույցը կանգուն է, Հայաստանը անդեմ, անհիշողություն և աներազանք տարածքի վերածելու իշխանության ծրագիրը դատապարտված է ձախողման։ Ահա թե ինչու են նրանք այդքան շտապում և այդքան նյարդայնանում, նաև մատնում իրենց ձախողման գիտակցումը: Նրանք շատ լավ հասկանում են, որ քանի դեռ ղողանջում են Մայր Տաճարի զանգերը, նույնիսկ գենետիկ մակարդակով մեր արյան մեջ ու մտքերում «ղողանջում» են Ավարայրի ու Սարդարապատի հիշողությունն ու պատմական դասերը:
Խնդիրն ըմբռնելու համար անհրաժեշտ է վերլուծել ոչ թե իշխանական վերնախավի հրապարակային հռետորաբանությունը, այլ այն աշխարհայացքային և քաղաքակրթական անհամատեղելիությունը, ավելին՝ հակամետությունը, որն առկա է գործող կառավարության ու նրա ուղեգծի և Հայ առաքելական եկեղեցու դարավոր առաքելության ու բովանդակային կոչման միջև։
Հենց այս համատեքստում է, որ ՀԱԵ-ն հանդես է գալիս որպես բնական և անհաղթահարելի խոչընդոտ: Լինելով հայ ժողովրդի պատմամշակութային ու քաղաքակրթական ժառանգության առանցքային կրողը՝ Եկեղեցին իր կանոնական, ծիսական և ազգային բնույթով չի կարող հրաժարվել վերը նշված ամենից: Դա կնշանակի հրաժարվել ինքն իրենից: Իսկ դա հնարավոր չէ: Չի կարող Եկեղեցին լքել իր ժողովրդին ու դառնալ ինչ-որ մահկանացու և բազմահազարամյա պատմության տեսակետից՝ մի քանի վայրկյանի իշխանություն ունեցող մեկի ձեռնասուն ենթական: