կարևոր
229 դիտում, 8 րոպե առաջ - 2026-11-19 11:26
Հասարակություն

Հրազդանում 38 և 46 տարեկան տղամարդիկ գողացել են համաքաղաքացու մեքենան

Հրազդանում 38 և 46 տարեկան տղամարդիկ գողացել են համաքաղաքացու մեքենան

Ավտոմեքենայի գողության վերաբերյալ ահազանգը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվեց նոյեմբերի 14-ին։ Ահազանգով մեկնեց Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը։ Ահազանգողն իրավապահներին հայտնեց, որ ժամը 15․30-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Հրազդանի Կենտրոն թաղամասում կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի իր մեքենան գողացել են՝ օգտվելով բանալին մեքենայի վրա լինելու հանգամանքից։

Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Հրազդանի համայնքային ոստիկանները ձեռք բերեցին փաստական տվյալներ, որ գողությունը կատարել են նույն թաղամասի բնակիչ 38 և 46 տարեկան տղամարդիկ։

Երկուսն էլ հայտնաբերվել են և գողացված մեքենայով հանդերձ տեղափոխվել համայնքային բաժին։ Տղամարդիկ ներկայացվել են նախաքննական մարմին և տեղափոխվել ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է։