կարևոր
184 դիտում, 10 րոպե առաջ - 2026-11-19 17:40
Հասարակություն

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ

44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4005 ոսկրային նմուշ

Երևանում տեղի ունեցավ «Անհայտ կորած անձանց ճակատագիրը․ հումանիտար երկխոսություն և համագործակցություն» խորագրով երևանյան միջազգային համաժողովը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Պետրոսյանը հանդես եկավ զեկույցով և հանգամանորեն ներկայացրեց ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց որոնման և նույնականացման գործընթացների շրջանակում իրենց կազմակերպության կողմից իրականացված աշխատանքները։

«2020թ․ 44-օրյա պատերազմը ամենամեծ փորձությունն էր, ինչի հետ առերեսվեց դատաբժշկական կենտրոնը, որի մասշտաբները՝ զոհերի և վիրավորների քանակները, մեծապես գերազանցեցին նույնիսկ ամենավատատեսական կանխատեսումները։ Զոհերի և վիրավորների մեծ քանակը պայմանավորված էր ռազմական գործողությունների ինտենսիվությամբ, ինչպես նաև հակառակորդի կողմից գերժամանակակից լետալ զինատեսակների գործադրմամբ: Մեկնարկած մարտական գործողությունների առաջին օրվանից դատաբժշկական կենտրոնի կողմից իրականացվել են հսկայածավալ աշխատանքներ՝ երկու հիմնական ուղղություններով՝ ռազմական գործողությունների ընթացքում և հետևանքով զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների դատաբժշկական փորձաքննություն և անճանաչելի դիակներից և մարմնամասերից ստացված կենսաբանական ծագման նմուշներից ԴՆԹ առանձնացման և պրոֆիլավորման աշխատանքներ՝ հետագա նույնականացման նպատակով»,- ասաց Պետրոսյանը։

Նա հավելեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում դիակների դատաբժշկական փորձաքննությունների իրականացման առաջին օրերից պարզ դարձավ, որ դատաբժշկական կենտրոնի ենթակառուցվածքների կարողությունները, մասնագիտական, կադրային ներուժը բավարար չեն մեծ թվով դիակների միաժամանակյա ընդունման, պահպանման և դիահերձման աշխատանքները ժամանակին և համակարգված իրականացնելու համար։

«Օպերատիվ արձագանքման ռեժիմով տրվեցին այլընտրանքային լուծումներ, ձևավորվեցին լրացուցիչ կարողություններ՝ Կենտրոնի մասնագիտական և կադրային կազմը, որը գործնականում ամբողջապես ներգրավվեց այս գործընթացում՝ աշխատելով շուրջօրյա ռեժիմով, առանց հանգստյան օրերի։ Կարևորում ենք Հայաստանի Հանրապետության կառավարության, առողջապահության նախարարության և բոլոր պետական մարմինների հետևողական աջակցությունը՝ աշխատանքների կազմակերպման հարցում։ Չնայած փորձաքննությունների կատարման ժամկետներում և կազմակերպչական հարցերում առկա որոշակի բացթողումների՝ Կենտրոնը իր կարողությունների առավելագույն համախմբմամբ և նոր կարողությունների ձևավորման շնորհիվ հիմնականում կատարեց դիակների փորձաքննությունների իրականացման իր հանձնառությունը»,- նշեց Պետրոսյանը:

Նա առավել հանգամանալի անդրադարձավ դատաբժշկական Կենտրոնի գենետիկական լաբորատորիայի գործունեությանը, քանի որ վերջինս առանցքային դերակատարում է ունեցել անճանաչելի դիակների և անհայտ կորած անձանց որոնողական և նույնականացման աշխատանքներում:

«44-օրյա պատերազմի և հետպատերազմյան զարգացումների ընթացքում, գենետիկական լաբորատորիայի գործունեությունը պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի փուլի. Առաջին փուլը վերաբերում Է բուն ռազմական գործողությունների ժամանակահատվածին, երբ իրականացվում էր Կենտրոն տեղափոխված զինծառայողների և քաղաքացիական անձանց անճանաչելի կամ չնույնականացված դիակներից ստացված կենսաբանական ծագման նմուշներից ԴՆԹ անջատում և պրոֆիլավորում՝ հետագա նույնականցման նպատակով: Զուգահեռ կատարվել են նմուշառումներ այն անձանց հարազատներից, որոնց գտնվելու վայրը անհայտ էր՝ ԴՆԹ պրոֆիլավորման և բնութագրերի համադրման ճանապարհով հետագա նույնականացման նպատակով։ Երկրորդ պայմանական փուլը վերաբերվում է հետպատերազմական շրջանին, երբ ռազմական գործողությունների վայրերում նախաձեռնվեցին մարտական զոհերի որոնողական, արտաշիրիմման աշխատանքներ, և հայտնաբերված մասունքները տեղափոխվեցին դատաբժշկական Կենտրոն»,- ասաց Պետրոսյանը:

Այս փուլի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ Կենտրոն տեղափոխված բոլոր դիակները ենթակա չէին ճանաչման՝ պայմանավորված ինչպես ստացված վնասվածքների բնույթով, այնպես էլ դիակային փոփոխություններով։ 

«Այս փուլում ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակներում իրականացվում էին հսկայածավալ նախաքննական գործողություններ, այդ թվում՝ հստակեցվում էին անհայտ կորած անձանց և վերջիններիս հարազատների տվյալները, հարազատները համապատասխան որոշումներով ներկայացվում էին դատաբժշկական Կենտրոն՝ կենսաբանական ծագման նմուշներ ստանալու և ԴՆԹ պրոֆիլավորման նպատակով: Եթե առաջին փուլում զոհված անձանց ինքնությունը մեծամասամբ պարզվում էր նախաձեռնված վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցներով և ճանաչումով, ապա երկրորդ փուլում Կենտրոն տեղափոխված մասունքների նույնականացումը իրականացվել է հիմնականում գենետիկական փորձաքննության միջոցով»,- նշեց Պետրոսյանը:

Ըստ նրա՝ երրորդ պայմանական փուլը վերաբերում է 2023 թվականի սեպտեմբերի Ղարաբաղում ծավալված մարտական գործողությունների և բնակչության տեղահանման ժամանակահատվածին, որը ուղեկցվեց մեծ թվով մարտական և արտակարգ պատահարների զոհերով, որոնց թվում մեծ քանակ էին կազմում Ստեփանակերտի մոտակայքում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհերը, որոնց զգալի մասը ենթակա չէին ճանաչման և նույնականացումը հիմնականում իրականացվել է գենետիկական փորձաքննությամբ։ 

Բանախոսը տեղեկացրեց, որ 2020 թվականին ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժինը հագեցված էր մեկ ԴՆԹ բազմացման սարքով՝ թերմոցիկլերով, և մեկ ABI Prism 3500 գենետիկական վերլուծիչով։ Սակայն առկա սարքավորումների քանակը բավարար չէր 2020 թվականին տեղի ունեցած լայնածավալ ռազմական գործողությունների հետևանքով առաջացած՝ դատագենետիկական փորձաքննությունների զգալի ծավալն արդյունավետ և սեղմ ժամկետներում իրականացնելու համար։

ՀՀ կառավարության աջակցությամբ 2021 թվականի հունվարին ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժինը համալրվեց ԴՆԹ փորձաքննությունների իրականացման երկրորդ անկախ հոսքով, որը ներառում էր  ԴՆԹ-ի անջատման ավտոմատ սարքավորում, մեկ թերմոցիկլեր և մեկ ABI Prism 3500 գենետիկական վերլուծիչ։

2021 թվականի հունվարից ԴՆԹ հետազոտություններն իրականացվել են երկու առանձին և անկախ հոսքերով։ Առաջին հոսքի շրջանակում իրականացվել է անհայտ կորած անձանց հարազատների կենսաբանական նմուշների հիման վրա ԴՆԹ պրոֆիլավորում, իսկ երկրորդ հոսքի շրջանակում՝ տարբեր կենսաբանական հյուսվածքներից, հիմնականում ոսկրային հյուսվածքներից, ԴՆԹ-ի անջատում և հետագա պրոֆիլավորում։ Նշված սարքավորումներով համալրումը հնարավորություն տվեց հնարավորինս նվազեցնել կենսաբանական նմուշների կոնտամինացիայի ռիսկը, ինչպես նաև էապես արագացնել դատագենետիկական փորձաքննությունների իրականացման ընթացքը։

Պետրոսյանաը հայտնեց, որ մոլեկուլյար գետետիկայի լաբորատորիայում իրականացվել է 4005 ոսկրային նմուշի փորձաքննություն։ Դրանցից ստացվել են 3700 ԴՆԹ բնութագրեր, որոնցից 3441-ով ստացվել է նույնականացման վերաբերյալ եզրակացություններ 1428 անձի վերաբերյալ։ 76 ԴՆԹ բնութագրերով նույնականացում չի ստացվել։ Անհայտ կորած անձանց հարազատներից ոչ բոլորն են հանձնել կենսաբանական ծագման նմուշներ, և միջգերատեսչական հանձնաժողովում պարբերաբար իրականացվող քննարկումների ընթացքում մեծապես կարևորվել է տվյալ խնդիրը։ Պետրոսյանը հույս հանտնեց, որ ձեռնարկված քայլերի արդյունքում կհաջողվի անհայտ կորած անձանց բոլոր հարազատներին համոզել, որպեսզի հանձնեն կենսաբանական ծագման նմուշներ։ Դա կօգնի, որ չնույնականացված ԴՆԹ պրոֆիլների մի մասով նույնպես կարող են ստացվել նույնականացման եզրակացություններ։

«2020-2023 թվականների ընթացքում տեղի ունեցած դեպքերի հետ կապված անհայտ կորած և զոհված զինծառայողների ԴՆԹ նույնականացումների մեթոդաբանության հարցում խորհրդատվություն և աջակցություն ենք ստացել երկու հեղինակավոր միջազգային կազմակերպություններից՝ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտե (ICRC) և Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովի ԴՆԹ նույնականացումներով զբաղվող դեպարտամենտ»,- նշեց Պետրոսյանը։

Նա առանձնահատուկ կերպով անդրադարձավ ԿԽՄԿ-ի մեծ աջակցությանը և ներգրավվածությանը ինչպես փորձաքննությունների իրականացման գործընթացում, այնպես էլ Կենտրոնի կարողությունների և մասնագիտական զարգացմանը ուղղված հետագա գործընթացներում։

«ԿԽՄԿ-ի կողմից մարտական գործողությունների առաջին օրերից կազմակերպվեցին դատագենետիկական միջազգային փորձագետների այցեր դատաբժշկական Կենտրոն, որոնց մասնակցությամբ գնահատվեցին Կենտրոնի կարողությունները և փորձաքննությունների հետ կապված ռիսկերը։ 2020 թվականի նոյեմբերին  ԿԽՄԿ-ի կողմից Կենտրոնին տրամադրվեց համակարգիչ, որի վրա տեղադրված էր DNA-View էլեկտրոնային նույնականացման և հաշվառման ծրագիրը։ Միաժամանակ կազմակերպվեց վերապատրաստման դասընթաց, որը նպատակաուղղված էր DNA-View էլեկտրոնային նույնականացման և հաշվարկման ծրագրի կիրառման և շահագործման հմտությունների ձեռքբերմանը»,- նշեց բանախոսը։

Նա հավելեց, որ 2020‑2026 թվականների ընթացքում ԿԽՄԿ-ն նվիրաբերել է ԴՆԹ երկրորդ ավտոմատ անջատման սարք, վերջին սերնդի SeqStudio Flex վերլուծիչ՝ նոր ծրագրային ապահովմամբ երեք վերլուծիչների համար, ինչպես նաև տվյալների էլեկտրոնային սպասարկիչ (սերվեր)՝ ապահովելու համար էլեկտրոնային արխիվների անվտանգությունը։ Բացի այդ, տրամադրվել են բազմաթիվ ԴՆԹ անջատման և ամպլիֆիկացման հավաքածուներ, նմուշառման պարագաներ, ոսկրերի մշակման գործիքներ, սառցարաններ, սառնարանների էլեկտրոնային ջերմաչափեր՝ կենսաբանական նմուշների և իրեղեն ապացույցների արխիվացման համար, ինչպես նաև թղթային արխիվի պահպանման հատուկ պահարաններ։

Մեծ աջակցություն է ցուցաբերվել նաև Կենտրոնի տարածքային բաժինները բժշկական գույքով և սարքավորումներով համալրելու հարցում։ Գործնականում բոլոր կենտրոններին անհատույց տրամադրվել են մասունքների սառնարանային պահման միջոցներ՝ դիասեղաններ, հիդրավլիկ պատգարակներ, սեկցիոն գործիքների հավաքածուներ և այլն։

Lաբորատորիայի երեք դատագենետիկական փորձագետներ աջակցություն են ստացել՝ մասնակցելու տարածաշրջանային երկրների համար կազմակերպված երկու միջազգային սիմպոզիումի՝ նվիրված դատաբժշկական ԴՆԹ տվյալների բազայի մշակմանը։ Նույն համատեքստում նրանք մասնակցել են նաև Familias ծրագրային ապահովման կիրառման վերաբերյալ սեմինար-դասընթացին։ Կարմիր խաչի աջակցությամբ ԴՆԹ լաբորատորիայի 4 գենետիկ մասնագետներ մասնագիտացված վերապատրաստում են անցել ժամանակակից գենետիկական թեստավորման սարքավորումների օգտագործման վերաբերյալ: Երկու դատագենետիկական փորձագետներ վերապատրաստվել են Շվեցարիայի հայտնի  Լոզանի համալսարանում հին ոսկրային հյուսվածքներից ԴՆԹ բնութագրերի ստացման  նորագույն մեթոդներին ծանոթանալու նպատակով:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ 2024 և 2025 թվականներին դիմումներ են ներկայացվել Դատագենետիկայի միջազգային ընկերության (ISFG) համապատասխան աշխատանքային խմբին՝ տարեկան մասնագիտական կոմպետենտության գնահատման թեստավորմանը մասնակցելու նպատակով։ Ներկայացված դիմումների հիման վրա ընկերության կողմից լաբորատորիա են ուղարկվել համապատասխան թեստային նմուշներ, որոնց միջոցով իրականացվել է միջլաբորատոր համեմատական թեստավորում։ Արդյունքում լաբորատորիան ստացել է կոմպետենտության գնահատման թեստերի դրական արդյունքներ և համապատասխանության հավաստագրեր։

Կարմիր խաչը կազմակերպել է նաև բաժնում կիրառվող բոլոր սարքավորումների, մեթոդների և հավաքածուների վալիդացում և միևնույն ժամանակ բաժնի բոլոր դատագենետիկական փորձագետները հավաստագրվել են այդ գործընթացները իրագործելու իրավունքով:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ բաժնի երկու դատագենետիկական փորձագետներ մասնակցել են Բալկանյան դատական գիտությունների ակադեմիայի (BAFS) կողմից 2025 թվականին կազմակերպված «Դատական գիտությունների 16-րդ տարեկան համաժողովին»։ Համաժողովի ընթացքում պաստառային զեկույցի ձևաչափով ներկայացվել է բաժնում իրականացված անհայտ կորած անձանց նույնականացման փորձաքննությունների արդյունքների հիման վրա պատրաստված կարճ գիտական աշխատանք, որը վերաբերում էր ոսկրային հյուսվածքների հետ աշխատանքի առանձնահատկություններին։ Հետագայում նշված գիտական աշխատանքը հրապարակվել է BAFS 2025 համաժողովի նյութերի ժողովածուում։

Սույն թվականի հոկտեմբերին անցկացվել են նոր վերապատրաստման դասընթացներ, որոնց ընթացքում դատագենետիկական միջազգային փորձագետների կողմից ներկայացվել են ԴՆԹ արդյունքների վերլուծության արդի մոտեցումները՝ ԴՆԹ խառնուրդների ծրագրերի ցուցադրական (դեմո) տարբերակները։

Պետրոսյանը նշեց, որ Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովի  ԴՆԹ նույնականացումներով զբաղվող դեպարտամենտն իր հերթին 2021-2025 թվականների ընթացքում կազմակերպել է վերապատրաստումներ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի դատագենետիկական փորձագետների համար՝ ինչպես տեղում՝ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում, այնպես էլ արտերկրում։ Մասնավորապես, երկու դատագենետիկական փորձագետ ուսումնական այցով մեկնել են Նիդերլանդների Թագավորություն՝ Հաագա քաղաքում գործող ICMP-ի դատագենետիկական լաբորատորիա, որտեղ մեկ աշխատանքային շաբաթվա ընթացքում մասնակցել են ինչպես տեսական, այնպես էլ գործնական դասընթացների։

ՀՀ Կառավարության ֆինանսական աջակցությամբ, ՀՀ քննչական կոմիտեի, ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի և ICMP-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժինը 2021‑2024 թվականների ընթացքում Հաագայի ICMP լաբորատորիա հինգ չափաբաժիններով ուղարկել է  ընդհանուր 350 ոսկրային հյուսվածք։ Առաջինից չորրորդ չափաբաժիններում ներառված են եղել 250 բարդ և այրված ոսկրային հյուսվածքներ, իսկ հինգերորդ չափաբաժնում՝ 100 ոսկրային նմուշ, որոնք վերաբերում էին այն դեպքերին, երբ հարազատները անվստահություն և անհամաձայնություն էին հայտնել ստացված նույնականացման եզրակացությունների վերաբերյալ։

Վերջին չափաբաժնով ներկայացված ոսկրային փորձանմուշներից ISMP միջազգային գենետիկ փորձագետների կողմից ստացված և հետագայում մեզ փոխանցված ԴՆԹ բնութագրերը լիովին համընկել են նախկինում դատաբժշկական Կենտրոնի մոլեկուլային գենետիկայի բաժնում ստացված ԴՆԹ բնութագրերի հետ։

«Բոլոր վերը նշված միջոցառումներն ուղղված են եղել ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի մոլեկուլային գենետիկայի փորձաքննությունների բաժնի լաբորատոր կարողությունների հզորացմանը, դատագենետիկական նույնականացման փորձաքննությունների որակի բարձրացմանը, գենետիկական վերլուծությունների առավել հուսալի և ճշգրիտ արդյունքների ապահովմանը, ինչպես նաև աշխատանքային գործընթացները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելուն։ Միաժամանակ, իրականացված աշխատանքները կարևոր նախադրյալ են հանդիսացել լաբորատորիայում ISO/IEC 17025 միջազգային ստանդարտի ներդրման և հետագայում համապատասխան հավատարմագրման գործընթացի իրականացման համար»,- ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ Կենտրոնի կարողությունների մասնագիտական զարգացմանը միտված  աշխատանքները ունեն շարունակական բնույթ։ 2027 թվականի ԿԽՄԿ-ի աջակցությամբ նախատեսվում է իրականացնել ստանդարտ գործառնական ընթակարգերի ներդրման և տվյալների մշակման և կառավարման ժամանակակից /LIMS/ համակարգի գործարկման աշխատանքներ։ ՀՀ Կառավարության 2026-2031 թվականների ռազմավարական ծրագրերի միջոցառումների ցանկում արդեն իսկ հաստատված է Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի 10 նոր ենթակառուցվածքների կառուցապատման աշխատանքները, այդ թվում Երևանում նոր դատաբժշկական կենտրոնի կառուցապատումը և տեխնիկական հագեցումը միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան։

Պետրոսյանը հայտնեց, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության, ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի և ՀՀ առողջապահության նախարարության «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող պիլոտային ծրագրի շրջանակում՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների կողմից 2015 թվականից մինչև 2019 թվականը ներառյալ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ին ի պահ են հանձնվել Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներից վերցված ընդհանուր թվով 1084 կենսաբանական ծագման նմուշներ, ինչպես նաև Ղարաբաղում բնակված անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներից հավաքագրված ընդհանուր թվով 502 կենսաբանական ծագման նմուշներ՝ մազանոթային արյան նմուշներ և ներբերանային քսուկներ։

Կենսաբանական ծագման նմուշները կենտրոնին հանձնվել են առանձին փաթեթներով, որոնցից յուրաքանչյուրին կցված են եղել համապատասխան անձնական տվյալները հավաստող փաստաթղթեր՝ ապահովելով նմուշների պատշաճ հաշվառման և նույնականացման հնարավորությունը։

Այսպիսով, ներկայումս ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ում ի պահ են հանձնված անհայտ կորած անձանց ընտանիքների անդամներից վերցված ընդհանուր թվով 1586 կենսաբանական ծագման նմուշներ։ Նշված նմուշները պահվում են կենսաբանական ծագման նմուշների երկարաժամկետ պահպանման համար սահմանված ստանդարտ գործառնական ընթացակարգերին համապատասխան՝ 19–24°C ջերմաստիճանի և 15–75% հարաբերական խոնավության պայմաններում, չհրկիզվող պահարաններում՝ ապահովելով դրանց ամբողջականության, պահպանվածության և հետագա հետազոտությունների համար պիտանիության հնարավորինս երկարաժամկետ ապահովումը։