կարևոր
736 դիտում, 58 րոպե առաջ - 2026-10-17 11:05
Աշխարհ

Թրամփը կասեցրել է ՌԴ-ի դեմ սահմանափակիչ միջոցառումների կիրարկումը

Թրամփը կասեցրել է ՌԴ-ի դեմ սահմանափակիչ միջոցառումների կիրարկումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ նոր օրենքով նախատեսված սահմանափակիչ միջոցառումների կիրարկումը։ Հոկտեմբերի 16-ին Սպիտակ տան պաշտոնական կայքում հրապարակված նախագահական հրամանագրի համաձայն՝ սահմանափակումները չեն կիրառվի այնքան ժամանակ, մինչև Թրամփը կամ պետքարտուղար Մարկո Ռուբիոն համապատասխան ծանուցում չհրապարակեն։

Փաստաթղթում նշվում է, որ բացառությունները կպահպանվեն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը կամ պետքարտուղարը չեն որոշել, որ անհրաժեշտ է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել։ Միևնույն ժամանակ, հրամանագրում բացառությունների գործողության ավարտի հստակ ժամկետ սահմանված չէ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Թրամփը ստորագրել էր Կոնգրեսի կողմից ընդունված օրինագիծը, որով նախատեսվում է ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական ղեկավարության, ինչպես նաև պետական ձեռնարկությունների նկատմամբ։

Օրենքի համաձայն՝ Ռուսաստանից ներմուծվող ապրանքների համար կարող են սահմանվել մինչև 500% մաքսատուրքեր, իսկ ռուսական էներգակիրների խոշոր գնորդներ հանդիսացող երկրներից ներմուծվող ապրանքների համար՝ մինչև 100%։

Միաժամանակ, օրենսդրությունը ԱՄՆ վարչակազմին հնարավորություն է տալիս ձեռնպահ մնալ այդ միջոցառումների կիրարկումից, եթե դրանք չհամարվեն երկրի ազգային շահերին համապատասխան։

Թրամփի ստորագրած գործադիր հրամանագրում, սակայն, նշվում է, որ օրենքի հիմնական դրույթների կիրարկումն առայժմ կասեցված է։