կարևոր
5032 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-28 12:19
Աշխարհ

Իսրայելում ցույցերը շարունակվում են՝ չնայած Նեթանյահուն կասեցրել է դատական բարեփոխումների օրինագիծը

Իսրայելում ցույցերը շարունակվում են՝ չնայած Նեթանյահուն կասեցրել է դատական բարեփոխումների օրինագիծը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեկ երեկոյան հայտարարել է, որ ժամանակավորապես կասեցնում է դատական բարեփոխումները: Նա նշել է, որ ցանկանում է «իրական երկխոսության իրական հնարավորություն» տալ օրինագծի շուրջ, որը բողոքի մեծ ալիք էր բարձրացրել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post պարբերականին:

Նեթանյահուն նման հայտարարություն է արել Ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն Գվիրի հետ լարված բանակցություններից հետո. վերջինս սպառնում էր հրաժարական տալ, եթե օրինագիծը կասեցվի:

Նեթանյահուն միևնույն ժամանակ նշել է, որ իր կառավարությունն, ի վերջո, կկատարի բարեփոխումներ, որոնք «կվերադարձնեն իշխանության ճյուղերի միջև հավասարակշռությունը»: Իսրայելի վարչապետը շեշտել է, որ երկիրը «վտանգավոր ուղով» է ընթանում, և ինքը թույլ չի տա, որ այդ ամենը վերածվի քաղաքացիական պատերազմի:

Իսրայելի վարչապետի հայտարարությունից հետո արհմիությունները չեղարկել են հայտարարված գործադուլը, սակայն հակակառավարական ցույցերը շարունակվել են: Երկուշաբթի երեկոյան ցուցարարները փակել են Քնեսեթի մերձակայքում գտնվող մի քանի ճանապարհներ, կարճ ժամանակով փակվել է Երուսաղեմի Լարավոր կամուրջը:

Ցույցերի կազմակերպիչները հայտարարել են, որ չնայած Նեթանյահուի հայտարարությանը՝ ցույցերը կշարունակվեն նաև մարտի 28-ին, ինչպես նաև առաջիկա շաբաթ օրը: Դրանք հիմնականում կենտրոնացած կինեն Թել Ավիվում, սակայն տարբեր քաղաքներում ևս կարող են լինել ակցիաներ:

ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան ողջունել են դատական բարեփոխումների գործընթացը դադարեցնելու Բենյամին Նեթանյահուի որոշումը: Ըստ Սպիտակ տան՝ դա «փոխհամաձայնության հասնելու լրացուցիչ ժամանակ կտա»:

Իսրայելում արդեն մի քանի ամիս է՝ ցույցեր են ընթանում Նեթանյահուի կառավարության նախաձեռնած դատական բարեփոխումների դեմ, որոնք նախատեսում են գերագույն դատարանի լիազորությունների սահմանափակում և դատավորների ընտրության վերահսկողության տրամադրում իշխանության գործադիր ճյուղին: Ընդդիմության կարծիքով՝ այս բարեփոխումը խարխլում է պետության ժողովրդավարական հիմքերը։ Նեթանյահուն պնդում է, որ այս օրինագծի նպատակը ոչ թե դատարանների վերահսկումն է, այլ դրանց հավասարակշռումը և բազմազանեցումը: